Հոդված 15. Թեկնածուների գրանցումը
Հոդված 15. Թեկնածուների գրանցումը
Հանրապետության Նախագահի յուրաքանչյուր թեկնածու կարող է գրանցվել մեկ կուսակցության (կուսակցությունների միավորման) կամ մեկ նախաձեռնող խմբի առաջադրմամբ:
Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման փաստաթղթերն ընդունվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, որը քննարկում է նրանց գրանցման հարցը, եթե առաջադրումը պաշտպանելու համար սույն օրենքով սահմանված ժամկետում ներկայացվել են`
1) թեկնածուի առաջադրումը պաշտպանելու համար սույն օրենքի 14 հոդվածի պահանջներով լրացված փաստաթղթերը.
2) թեկնածուի կողմից ընտրության միասնական հիմնադրամի հաշվին երկու միլիոն դրամ ընտրական գրավ մուծելու անդորրագիրը.
3) տեղեկանք վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին.
4) տեղեկանք վերջին տասը տարում թեկնածուի բնակության վայրի մասին.
5) վերջին մեկ տարում թեկնածուի եկամուտների հայտարարագիրը.
6) որոշակի կուսակցության (կուսակցությունների միավորման) կամ նախաձեռնող խմբի առաջադրմամբ գրանցվելու համաձայնության մասին թեկնածուի գրավոր հայտարարությունը, որը ներկայացվում է անձամբ կամ օրենսդրությամբ սահմանված կարգով` իր կողմից լիազորված անձի միջոցով:
Եթե Հանրապետության Նախագահի առաջադրված թեկնածուն գտնվում է կալանքի տակ, ապա սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են ընտրությունից 60 օր առաջ: Այդ փաստաթղթերը ներկայացնելիս գրավոր հայտարարություն է ներկայացվում առաջադրված թեկնածուի կալանքի տակ գտնվելու մասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստաթղթերը ստանալուց անմիջապես հետո դիմում է գերագույն դատարան` կալանքի տակ գտնվող Հանրապետության Նախագահի առաջադրված թեկնածուի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ: Գերագույն դատարանը եռօրյա ժամկետում կոլեգիալ կարգով վերջնական որոշում է կայացնում նշված հարցի վերաբերյալ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված անձանց գրանցման հարցը քննարկում է, եթե գերագույն դատարանը որոշում է կայացրել խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ:
Հանրապետության Նախագահի առաջադրված թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունվելուց հետո, մինչև առաջադրված թեկնածուի գրանցումը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով իրավունք ունի մասնակցել առաջադրված թեկնածուն կամ նրա կողմից լիազորված անձը:
Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է, եթե`
1) թեկնածուի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում սույն օրենքի 16 հոդվածով սահմանված կարգով ստուգման հետևանքով վավերական ստորագրությունների թիվը պակաս է 25 հազարից.
2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել են ակնհայտ կեղծիքներ.
3) թեկնածուի վրա տարածվում են Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված անձի գրանցումը մերժում է հանձնաժողովի անդամների ձայների 2/3-ով:
Հանրապետության Նախագահի առաջադրված թեկնածուի գրանցումը մերժելու դեպքում նրա ընտրական գրավը ետ է վերադարձվում:
Թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց համաձայն թեկնածուի վրա տարածվում են Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումները:
Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում նրա ընտրական գրավը և նախընտրական հիմնադրամում առկա միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
Թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը եռօրյա ժամկետում կարող է գանգատարկվել գերագույն դատարան:
Գանգատը ստանալուց հետո գերագույն դատարանը կոլեգիալ կարգով հնգօրյա ժամկետում կայացնում է վճիռ, որը վերջնական է:
Թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն անօրինական ճանաչելու մասին գերագույն դատարանի որոշման հիման վրա անձը ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված` որպես Հանրապետության Նախագահի թեկնածու:
Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցված անձը ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից և ուսումնավարժական հավաքներից:
Հանրապետության Նախագահի առաջադրված թեկնածուի գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունվելուց, ինչպես նաև նրա գրանցումից հետո, նշված անձը դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այդ որոշումը վերջնական է:
Հանրապետության Նախագահի առաջադրված թեկնածուի գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունվելուց, ինչպես նաև նրա գրանցումից հետո, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կարող է կիրառվել միայն գերագույն դատարանի որոշմամբ: Գերագույն դատարանը նշված հարցի վերաբերյալ կոլեգիալ կարգով եռօրյա ժամկետում կայացնում է վերջնական որոշում: Հանրապետության Նախագահի գրանցված թեկնածուի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեպքում թեկնածուի գրանցումը ճանաչվում է ուժը կորցրած և նրա ընտրական գրավը ետ է վերադարձվում, իսկ նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
Թեկնածուների գրանցման մասին հաղորդագրությունը հրապարակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: