Հոդված 30. Մարզային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների ամփոփման կարգը
Հոդված 30. Մարզային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների ամփոփման կարգը
Մարզում քվեարկությունների արդյունքների ամփոփումը սկսելուց առաջ մարզային ընտրական հանձնաժողովն իր նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ ստուգում է համայնքային ընտրական հանձնաժողովներից ստացված անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, արձանագրությունների համապատասխանությունը սահմանված պահանջներին, համապատասխան գրառումներ է կատարում գործավարության մատյանում:
Մարզային ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունների հիման վրա ամփոփում է քվեարկության նախնական արդյունքները մարզում` թեկնածուներից յուրաքանչյուրի օգտին տրված ձայների թիվը, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը:
Քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում քվեարկության նախնական արդյունքներն արձանագրվում, մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից հրապարակվում և պաշտոնական հեռագրով ուղարկվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Մարզում քվեարկության նախնական արդյունքներն արձանագրելուց հետո մարզային ընտրական հանձնաժողովը ճշտում է համայնքային ընտրական հանձնաժողովի կտրոնների հաշվման արձանագրության տվյալների համապատասխանությունը յուրաքանչյուր տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունների տվյալներին:
Առանձին տեղամասերում նշված տվյալների անհամապատասխանության դեպքում, մարզային ընտրական հանձնաժողովի առնվազն 4 անդամի կամ Հանրապետության Նախագահի առնվազն 2 թեկնածուի վստահված անձանց գրավոր պահանջով մարզային ընտրական հանձնաժողովը ստուգում է համապատասխան ընտրական տեղամասում (տեղամասերում) քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության և համայնքային ընտրական հանձնաժողովի կտրոնների հաշվման արձանագրության տվյալների համապատասխանությունը միմյանց և քվեարկության փաստացի տվյալներին: Ստուգումներին կարող են մասնակցել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությանը և համայնքային ընտրական հանձնաժողովի կտրոնների հաշվման արձանագրությանը կցված հատուկ կարծիքի հեղինակները և այդ հանձնաժողովների նախագահները:
Ստուգման արդյունքում անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում մարզային ընտրական հանձնաժողովը կազմում է տվյալ տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման և համայնքային ընտրական հանձնաժողովի կտրոնների հաշվման ճշտված արձանագրությունը, որին կցվում է տեղամասային և համայնքային ընտրական հանձնաժողովների սկզբնական արձանագրությունները: Ճշտված արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների և կնքվում` հանձնաժողովի նախագահի կողմից: Եթե հանձնաժողովի որևէ անդամ ճշտված արձանագրությունների տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում և ներկայացնում իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:
Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է ճշտված արձանագրությունը ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն և այն կցվում է ճշտված արձանագրությանը:
Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անհամապատասխանությունը սույն հոդվածով նախատեսված դեպքերում ճշտելով և, ըստ յուրաքանչյուր տեղամասի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով պարզելով արձանագրությունների տվյալների անճշտությունները և դրանց ազդեցությունը յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների քանակի վրա, մարզային ընտրական հանձնաժողովը կազմում է մարզում քվեարկության վերջնական արդյունքների ամփոփիչ արձանագրություն` երկու օրինակից, նշելով ամփոփ և ըստ տեղամասերի հետևյալ տվյալները`
1) ընտրողների ընդհանուր թիվն ըստ ընտրողների ցուցակի.
2) գրանցված ու քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվն ըստ ստորագրությունների.
3) արկղերում առկա կտրոնների թիվը.
4) տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված քվեաթերթիկների թիվը.
5) մարված քվեաթերթիկների թիվը.
6) քվեատուփերում առկա սահմանված նմուշի վավերական քվեաթերթիկների թիվը.
7) անվավեր քվեաթերթիկների թիվը.
8) չսահմանված նմուշի քվեաթերթիկների թիվը.
9) բոլոր թեկնածուներին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.
10) յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների թիվը.
11) թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը.
12) յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը:
Մարզում քվեարկության վերջնական արդյունքների ամփոփիչ արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների և կնքվում` հանձնաժողովի նախագահի կողմից: Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում և ներկայացնում իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:
Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն և այն կցվում է մարզում քվեարկության վերջնական արդյունքների ամփոփիչ արձանագրությանը:
Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների և կնքվում` հանձնաժողովի նախագահի կողմից:
Մարզում քվեարկության վերջնական արդյունքները հրապարակվում են, որից հետո համապատասխան արձանագրության մեկ օրինակը մարզային ընտրական հանձնաժողովում հավաքված բոլոր ընտրական փաստաթղթերի հետ մարզային ընտրական հանձնաժողովի նախագահն անձամբ ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով` ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 5 օր հետո:
Թեկնածուի վստահված անձի կամ հավատարմագրված օտարերկրյա դիտորդի պահանջով նրան տրվում է մարզում քվեարկության վերջնական արդյունքների ամփոփիչ արձանագրությունից քաղվածք մարզում քվեարկության արդյունքների ամփոփ տվյալների մասին` վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ ու հանձնաժողովի կնիքով: