Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

Հոդված 25. Քվեարկության կազմակերպումը և անցկացումը

գործել է մինչև 1999-02-28Բացել ARLIS-ում

Հոդված 25. Քվեարկության կազմակերպումը և անցկացումը

Քվեարկությունը կազմակերպվում է տեղամասային կենտրոններում` հատուկ առանձնացված շենքերում, որտեղ գաղտնի քվեարկության համար պետք է կահավորված լինեն բավարար թվով խցիկներ` յուրաքանչյուր 500 ընտրողի հաշվով 1 խցիկ կամ 1 սենյակ, տեղադրված պետք է լինեն ընտրողների գրանցման և քվեաթերթիկների հատկացման աշխատանքային սեղաններ (յուրաքանչյուր 1000 ընտրողին առնվազն մեկ սեղան):

Քվեատուփը և կտրոնների արկղը պետք է տեղադրված լինեն տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց մեծ մասի համար տեսանելի տեղում:

Քվեարկության օրվանից երկու օր առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է այն վստահված անձանց ցուցակը (1 թեկնածու` 1 վստահված անձ սկզբունքով), որոնք նախօրոք գրավոր դիմել են քվեաթերթիկների վրա իրենց ստորագրություններով քվեաթերթիկների վավերականությունը հավաստելու ցանկությամբ: Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է նշված վստահված անձանց ստորագրությունների նմուշները: Վստահված անձինք քվեաթերթիկների վավերականությունն իրենց ստորագրությամբ հավաստում են հանձնաժողովի ներկայությամբ` միաժամանակ: Վստահված անձինք ստորագրում են քվեաթերթիկի հակառակ կողմի վրա: Դրանից անմիջապես հետո հանձնաժողովի նախագահը կնքում է քվեաթերթիկների կտրոնները հանձնաժողովի կնիքով: Կնիքը չպետք է դուրս գա կտրոնի սահմաններից: Քվեաթերթիկների վավերացումը տեղի է ունենում քվեարկության նախորդ օրը:

Նախքան քվեարկության սկսվելը հանձնաժողովը վիճակահանությամբ որոշում և արձանագրում է այն անդամներին, որոնք քվեարկության օրն իրականացնելու են ընտրողների գրանցումը (յուրաքանչյուր 1000 ընտրողին երկուական անդամ), քվեաթերթիկների հատկացումը (յուրաքանչյուր 1000 ընտրողին երկուական անդամ), կտրոնների վերահսկումը (երկու անդամ), ինչպես նաև որոշում է նրանց հերթափոխային աշխատանքի ժամակարգը:

Քվեարկության օրը հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների ու քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ ստուգում, փակում և կնքում է քվեատուփը, ինչպես նաև կտրոնների արկղը, որից հետո քվեաթերթիկների հաշված քանակությունը հանձնում է քվեաթերթիկների հատկացման համար պատասխանատու անձանց, իսկ ընտրողների ցուցակը` ընտրողների գրանցման համար պատասխանատու անձանց` համապատասխան գրանցում կատարելով գործավարության մատյանում:

Քվեարկության ներկայացած յուրաքանչյուր ընտրող գրանցվում է գրանցման համար հանձնաժողովի պատասխանատու անդամի մոտ գտնվող ցուցակում: Գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամը ստուգում է ընտրողի անձնագիրը կամ անձնագրին փոխարինող այլ փաստաթուղթը, ընտրողների ցուցակում կամ լրացուցիչ ցուցակում գտնում է նրա անունը և հերթական համարը, լրացնում է ընտրողների ցուցակում անձնագրի կամ անձնագրին փոխարինող այլ փաստաթղթի տվյալները, որի դիմաց ընտրողը ստորագրում է:

Ընտրողներին քվեաթերթիկ հատկացնող հանձնաժողովի անդամն ընտրողին հանձնում է քվեաթերթիկը` կտրոնի վրա նշելով ընտրողի համարն ընտրողների ցուցակում: Ընտրողը ստորագրում է կտրոնի վրա:

Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի` քվեարկության խցիկում կամ սենյակում:

Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի քվեարկության խցիկ կամ սենյակ հրավիրել այլ անձի, որը չի կարող լինել վստահված անձ կամ ընտրական հանձնաժողովի անդամ:

Բացի նշված դեպքից` քվեաթերթիկը լրացնելիս, քվեարկության խցիկում կամ սենյակում որևէ այլ անձի ներկայությունն արգելվում է:

Քվեաթերթիկում ընտրողը նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմաց, որին կողմ է: Եթե ընտրողը դեմ է բոլոր թեկնածուներին, ապա նա նշում է կատարում թեկնածուների անուններից հետո գտնվող «բոլորին դեմ եմ» տողում:

Հանրապետության Նախագահի մեկ թեկնածուի քվեարկվելու դեպքում ընտրողը նշում է կատարում «կողմ եմ» բառի դիմաց, եթե կողմ է քվեարկում, և «դեմ եմ» բառի դիմաց` եթե դեմ է քվեարկում:

Ընտրողը լրացված քվեաթերթիկը ծալված վիճակում քվեարկության խցիկից կամ սենյակից դուրս է բերում և, մոտենալով կտրոնների համար հանձնաժողովի պատասխանատու անդամին, նրա ներկայությամբ անջատում է կտրոնը քվեաթերթիկից և հանձնում կտրոնը նրան: Վերջինս հավաստիանալով, որ կտրոնի վրա առկա է ընտրական տեղամասի կնիքը, ընտրողի ստորագրությունը և ընտրողների ցուցակում նրա համարը, գցում է կտրոնը կտրոնների համար նախատեսված արկղի մեջ, որից հետո միայն բացում է քվեատուփի ճեղքը` հնարավորություն տալով ընտրողին քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ:

Քվեախցիկից դուրս եկած ընտրողը պարտավոր է քվեարկել:

Օտարերկրյա պետություններում հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հանրապետության Նախագահի ընտրությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում:

Ընտրությունից հինգ օր առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ է ուղարկում Հանրապետության Նախագահի գրանցված թեկնածուների տվյալները: Դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարն ապահովում է քվեաթերթիկների պատրաստումը` սույն օրենքի պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, սույն օրենքով սահմանված կարգով, նախապատրաստում, կազմակերպում և անցկացնում է ընտրությունը, ամփոփում քվեարկության արդյունքները, կազմում արձանագրություն, որի տվյալները պաշտոնական հեռագրով անհապաղ ուղարկում է կենտրոնական ընտրական հանձնաժողով: Նշված արձանագրությունը բոլոր ընտրական փաստաթղթերի հետ զմռսված վիճակում հատուկ փոստով ուղարկում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Զորամասերում և հիվանդանոցներում տեղամասային կենտրոններ չեն ստեղծվում:

Ժամկետային զինծառայության մեջ գտնվող և ուսումնավարժական հավաքներ անցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քվեարկում են մարզային ընտրական հանձնաժողովի կողմից որոշված տեղամասային կենտրոններում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։