Հոդված 26. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման կարգը
Հոդված 26. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման կարգը
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ժամը 22.00-ին փակում է քվեատուփի և կտրոնների արկղի ճեղքերը, դուրս է հրավիրում տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու իրավունք չունեցող բոլոր անձանց և փակում տեղամասային կենտրոնը: Նշված գործողությունները իրականացնելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովը սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Այդ նպատակով`
1) հաշվվում, սահմանված կարգով մարվում և զմռսվում են չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և ետ վերադարձված քվեաթերթիկները.
2) հաշվվում է ընտրողների ընդհանուր թիվը` ընտրողների ցուցակի հիման վրա.
3) հաշվվում է քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը` ընտրողների ցուցակում առկա ստորագրությունների հիման վրա, որից հետո նշված ցուցակը զմռսվում է.
4) բացվում է քվեատուփը: Հանձնաժողովի նախագահը քվեատուփից հանում է մեկ քվեաթերթիկ, բարձրաձայն հայտարարում է քվեաթերթիկի վավերականությունը կամ սահմանված նմուշին համապատասխանությունը, իսկ վավերական քվեաթերթիկի դեպքում` թե ում օգտին է քվեարկված: Այնուհետև քվեաթերթիկը փոխանցում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի կարծիքին դեմ լինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն, որը դրվում է քվեարկության: Առարկության դեպքում` քվեարկության արդյունքով, իսկ առարկություն չլինելու դեպքում` իր հայտարարության համաձայն, հանձնաժողովի նախագահը քվեաթերթիկը տեղադրում է համապատասխան թեկնածուի օգտին, «բոլորին դեմ», «անվավեր» կամ «չսահմանված նմուշի» քվեաթերթիկների փաթեթի մեջ, որից հետո քվեատուփից հանում է հաջորդ քվեաթերթիկը: Այս գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկների համար: Քվեաթերթիկների տեսակավորումը իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է նշումներ կատարել, ինչպես նաև իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու համար այլ առարկաներ:
Քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկները տեսակավորելուց հետո հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների ներկայությամբ մեկ առ մեկ հաշվում է անվավեր ճանաչված, չսահմանված նմուշի քվեաթերթիկների, բոլորին դեմ քվեարկված ձայների, ինչպես նաև յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների թիվը: Նշված արդյունքների հիման վրա հաշվվում է քվեատուփում առկա սահմանված նմուշի վավերական քվեաթերթիկների և թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը:
Հաշվարկված քվեաթերթիկները, ըստ տեսակավորման, փաթեթավորվում և զմռսվում են:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները կատարվում են նշված հերթականությամբ, ընդ որում, յուրաքանչյուր գործողություն կատարվում է նախորդն ավարտելուց և համապատասխան արձանագրություն կազմելուց հետո: Նշված գործողություններից յուրաքանչյուրի վերաբերյալ հանձնաժողովի նիստին ներկա անդամների ստորագրությամբ կազմվում է առանձին արձանագրություն` երկու օրինակից, որոնցից մեկը զմռսվում է հիմք հանդիսացող փաստաթղթերի հետ:
Առանձին արձանագրությունների տվյալների հիման վրա կազմվում է տեղամասում քվեարկությունների արդյունքների ամփոփիչ արձանագրություն` երկու օրինակից:
Քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության մեջ գրանցվում է`
1) ընտրողների ընդհանուր թիվն ըստ ընտրողների ցուցակի.
2) գրանցված ու քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվն ըստ ստորագրությունների.
3) տեղամասային ընտրական հանձնաժողովին տրված քվեաթերթիկների թիվը.
4) մարված քվեաթերթիկների թիվը.
5) քվեատուփում առկա սահմանված նմուշի վավերական քվեաթերթիկների թիվը.
6) անվավեր քվեաթերթիկների թիվը.
7) չսահմանված նմուշի քվեաթերթիկների թիվը.
8) բոլոր թեկնածուներին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.
9) յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների թիվը.
10) թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը:
Հաշվարկվող և արձանագրության մեջ գրանցվող թվերը հայտարարվում են բարձրաձայն:
Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների և կնքվում` հանձնաժողովի նախագահի կողմից: Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում և ներկայացնում իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:
Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն և այն կցվում է քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությանը:
Քվեարկության ավարտից մինչև արդյունքների ամփոփիչ արձանագրության կազմելը տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:
Նիստի վերջում հանձնաժողովի նախագահը հրապարակում է քվեարկության արդյունքները:
Թեկնածուի վստահված անձի կամ հավատարմագրված օտարերկրյա դիտորդի պահանջով նրան տրվում է քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճենը` վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ ու հանձնաժողովի կնիքով:
Քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճենը փակցվում է տեղամասային կենտրոնում` տեսանելի տեղում, որից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության մեկ օրինակը, կտրոնների արկղը և զմռսված ընտրական փաստաթղթերն անհապաղ ներկայացնում է համայնքային ընտրական հանձնաժողով: