Հոդված 19. Նախընտրական քարոզչությունը
Հոդված 19. Նախընտրական քարոզչությունը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հանրապետության Նախագահի թեկնածուները, կուսակցությունները (կուսակցությունների միավորումները) և նախաձեռնող խմբերն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում իրականացնել անարգել քարոզչություն առաջադրված թեկնածուների օգտին կամ դեմ:
Իրավապահ մարմինները, զորամասերը, զինվորական կազմակերպությունները, ընտրական հանձնաժողովների անդամներն իրավունք չունեն Հանրապետության Նախագահի թեկնածուների օգտին կամ դեմ քարոզչություն իրականացնել:
Ընտրական հանձնաժողովներին հատկացված շենքերում քարոզչությունը կամ այդ նպատակներով միջոցառումներ կազմակերպելն արգելվում է:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրության միասնական հիմնադրամի միջոցների սահմաններում ապահովում է Հանրապետության Նախագահի թեկնածուների, նրանց առաջադրած կուսակցությունների (կուսակցությունների միավորումների) և նախաձեռնող խմբերի համար պետական լրատվության միջոցներից անվճար օգտվելու հավասար հնարավորություններ:
Պետական ռադիոյով և մամուլով Հանրապետության Նախագահի թեկնածուների, նրանց առաջադրող կուսակցությունների (կուսակցությունների միավորումների) կամ նախաձեռնող խմբերի անվճար նախընտրական քարոզչությունն իրականացվում է հավասար հիմունքներով` կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ծավալով:
Հանրապետության Նախագահի թեկնածուները իրավունք ունեն հավասար հիմունքներով օգտվել 90-ական րոպե տևողությամբ անվճար հեռուստատեսային ուղիղ եթերաժամից: Հանրապետության Նախագահի թեկնածուի համաձայնությամբ այդ եթերաժամից կարող է օգտվել նրան առաջադրած կուսակցությունը (կուսակցությունների միավորումը) կամ նախաձեռնող խումբը:
Հանրապետության Նախագահի թեկնածուները, նրանց առաջադրած կուսակցությունները (կուսակցությունների միավորումները) կամ նախաձեռնող խմբերը կարող են օգտվել պետական լրատվության միջոցներից թեկնածուի նախընտրական հիմնադրամի հաշվին նաև վճարովի հիմունքներով` հեռուստաեթերով հանդես գալու համար, բայց ոչ ավելի, քան 180 րոպե, իսկ ռադիոյով և մամուլով` ոչ ավելի, քան կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված անվճար ծավալի կրկնապատիկը:
Կուսակցությունները (կուսակցությունների միավորումները), նախաձեռնող խմբերը, Հանրապետության Նախագահի թեկնածուներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կազմակերպել հանրահավաքներ, երթեր, հանդիպումներ ընտրողների հետ և զանգվածային այլ միջոցառումներ:
Կուսակցությունները (կուսակցությունների միավորումները), նախաձեռնող խմբերը, Հանրապետության Նախագահի թեկնածուներն իրավունք ունեն անարգել տպագրել և տարածել պաստառներ, թերթիկներ, քարոզչական բնույթի այլ տպագիր նյութեր:
Նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուներին արգելվում է անձամբ կամ իրենց անունից այլ անձանց միջոցով, ընտրողներին զանգվածաբար հատկացնել դրամ, սննդամթերք, ապրանքներ կամ այլ նվերներ: Այդ փաստի կապակցությամբ դիմումը գերագույն դատարանը կոլեգիալ կարգով քննարկում և հնգօրյա ժամկետում վերջնական որոշում է կայացնում փաստի առկայության մասին: Գերագույն դատարանի կողմից այդ փաստի հաստատման դեպքում թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում:
Նախընտրական քարոզչությունն սկսվում է ընտրության օրվանից 30 օր առաջ:
Քվեարկության օրն արգելվում են քարոզչությունը, ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր կազմակերպելը, տեղամասային կենտրոնի շուրջ մարդկանց խմբերով հավաքվելը: