Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հոդված 31. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրության արդյունքների ամփոփման կարգը

գործել է մինչև 1999-02-28Բացել ARLIS-ում

Հոդված 31. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրության արդյունքների ամփոփման կարգը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարզային ընտրական հանձնաժողովներից ստացված մարզերում քվեարկության նախնական արդյունքների հիման վրա պարզում և հրապարակում է Հանրապետության Նախագահի ընտրության նախնական արդյունքները` ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 60 ժամ հետո:

Մարզերում քվեարկության վերջնական արդյունքների ամփոփ տվյալների հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ, կազմում է Հանրապետության Նախագահի ընտրության ամփոփիչ արձանագրությունը, նշելով ամփոփ և ըստ մարզերի հետևյալ տվյալները`

1) ընտրողների ընդհանուր թիվն ըստ ընտրողների ցուցակի.

2) գրանցված ու քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվն ըստ ստորագրությունների.

3) արկղերում առկա կտրոնների թիվը.

4) տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված քվեաթերթիկների թիվը.

5) մարված քվեաթերթիկների թիվը.

6) քվեատուփերում առկա սահմանված նմուշի վավերական քվեաթերթիկների թիվը.

7) անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը.

8) չսահմանված նմուշի քվեաթերթիկների թիվը.

9) բոլոր թեկնածուներին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.

10) յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների թիվը.

11) թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը.

12) յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը:

Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների և կնքվում` հանձնաժողովի նախագահի կողմից: Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում և ներկայացնում իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն և այն կցվում է ընտրության արդյունքների ամփոփիչ արձանագրությանը:

Թեկնածուի վստահված անձի պահանջով նրան տրվում է Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճենը` վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ ու հանձնաժողովի կնիքով:

Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքների ամփոփիչ արձանագրության հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրության օրվանից ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

1) Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին.

2) քվեարկության երկրորդ փուլ նշանակելու մասին.

3) ընտրությունն անվավեր ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին.

4) ընտրությունը չկայացած ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին:

Ընդունված որոշումը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների և կնքվում հանձնաժողովի նախագահի կողմից:

Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է որոշումը ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն և այն կցվում է որոշմանը:

Թեկնածուի վստահված անձի պահանջով նրան տրվում է Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքների ամփոփման որոշման պատճենը` վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ ու հանձնաժողովի կնիքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։