Հոդված 9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունները
Հոդված 9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրության կազմակերպումը և վերահսկողությունն իրականացնող մարմին է, որը`
1) տնօրինում է ընտրության միասնական հիմնադրամի միջոցները, դրանք բաշխում ըստ հանձնաժողովների, վերահսկում է ընտրական հանձնաժողովներին շենքերով և կահավորանքով, այլ անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով ապահովելը.
2) ընդունում և հրապարակում է ընտրության նախապատրաստման, կազմակերպման և անցկացման, քվեարկության արդյունքների ամփոփման համար անհրաժեշտ միջոցառումների և դրանց իրականացման կարգի վերաբերյալ օրենքին չհակասող հրահանգներ և որոշումներ, վերահսկում դրանց կատարման ընթացքը.
3) վերահսկում է պետական լրատվության միջոցների կողմից Հանրապետության Նախագահի թեկնածուներին, նրանց առաջադրած կուսակցություններին (կուսակցությունների միավորումներին) և նախաձեռնող խմբերին նախընտրական քարոզչության` սույն օրենքով սահմանված հնարավորությունների ապահովումը.
4) սահմանում է ընտրական փաստաթղթերի, քվեաթերթիկների, քվեատուփերի և կտրոնների արկղերի ձևերը, կնիքների նմուշները, փաստաթղթերի լրացման և դրանց պահպանման կարգը.
5) սահմանում է յուրաքանչյուր մարզային ընտրական հանձնաժողովի հերթական համարը.
6) լսում է ընտրական հանձնաժողովների և համապատասխան պետական մարմինների հաղորդումներն ընտրության նախապատրաստման և անցկացման հետ կապված հարցերի մասին.
7) փոխում է քվեարկության տեղը` քվեարկության անցկացումը տեխնիկապես անհնարին լինելու դեպքում.
8) ապահովում է մարզային ընտրական հանձնաժողովներին անհրաժեշտ ընտրական փաստաթղթերով.
9) քննարկում է ստորադաս ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների վերաբերյալ ստացված դիմումներն ու գանգատները, վերանայում կամ վերացնում օրենքին հակասող նրանց որոշումները.
10) գրանցում է Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրող կուսակցություններին (կուսակցությունների միավորումներին) և նախաձեռնող խմբերին.
11) սահմանում է ժամկետային զինծառայության մեջ գտնվող և ուսումնավարժական հավաքներ անցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու և այդ ցուցակներով քվեարկություն անցկացնելու կարգը.
12) գրանցում և վկայականներ է տալիս Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված անձանց, օրենքով նախատեսված դեպքերում մերժում, ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչում նրանց գրանցումը, գրանցում և վկայականներ է տալիս Հանրապետության Նախագահի թեկնածուների վստահված անձանց.
13) կազմակերպում է Հանրապետության Նախագահի թեկնածուների կենսագրական տվյալների հրապարակումը.
14) ամփոփում և հաստատում է Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքները` մարզային ընտրական հանձնաժողովների կողմից ստացված տվյալների հիման վրա, ընտրությունից հետո մեկամսյա ժամկետում պաշտոնապես հրապարակում դրանք ըստ մարզերի և համայնքների, օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում անվավեր կամ չկայացած է ճանաչում ընտրությունը, որոշում է կայացնում Հանրապետության Նախագահ ընտրվելու կամ չընտրվելու մասին.
15) հավատարմագրում է լրատվության միջոցների ներկայացուցիչներին և օտարերկրյա դիտորդներին.
16) ընտրում և ետ է կանչում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալին և քարտուղարին.
17) դիմում է համապատասխան իրավասու պետական մարմիններին` սույն օրենքի խախտման դեպքերում.
18) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ: