Հոդված 110. Ապահովագրական գաղտնիքի պահպանումը
Հոդված 110. Ապահովագրական գաղտնիքի պահպանումը
1. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը պետք է երաշխավորեն ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանումը:
2. Ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի ղեկավարներին, ծառայողներին, նախկինում ղեկավար կամ ծառայող հանդիսացող անձանց, ինչպես նաև այն անձանց ու կազմակերպություններին, որոնք ապահովագրողին, վերաապահովագրողին, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին ծառայություններ (աշխատանքներ) են մատուցում կամ մատուցել են նախկինում, արգելվում է ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ իրենց վստահված կամ հայտնի դարձած ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները հրապարակելը, ինչպես նաև իր անձնական կամ երրորդ անձանց շահերից ելնելով դրանք օգտագործելը, երրորդ անձանց կողմից այդպիսի օգտագործման հնարավորություն ուղղակի կամ անուղղակի ընձեռելը, այն է՝ թույլատրելը, չխոչընդոտելը կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետևանքով այն հնարավոր դարձնելը:
3. Ապահովագրողները, վերաապահովագրողները, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձինք պարտավոր են տեխնիկական այնպիսի միջոցներ ձեռնարկել և կազմակերպչական այնպիսի կանոններ սահմանել, որոնք անհրաժեշտ են ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները պատշաճ պահպանելու համար:
4. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը կարող են դատարանում հրապարակել ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները հաճախորդի վերաբերյալ՝ իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում և սահմաններում, եթե վեճը ծագել է ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի և տվյալ հաճախորդի միջև: Նման դեպքերում ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի կամ հաճախորդի միջնորդությամբ դատական նիստը կարող է լինել դռնփակ: