Հոդված 81. Ընկերության և հաճախորդների հարաբերությունները
Հոդված 81. Ընկերության և հաճախորդների հարաբերությունները
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ընկերությունը և օտարերկրյա Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղը պարտավոր են նախքան ապահովագրության պայմանագիր կնքելը՝
1) հաճախորդին հայտնել իրենց գտնվելու վայրը և հեռախոսահամարը, կազմակերպաիրավական ձևը, իսկ եթե ապահովագրությունն իրականացվում է մասնաճյուղի միջոցով՝ մասնաճյուղի հասցեն, հեռախոսահամարը.
2) վերահսկող մարմնի հասցեն և հեռախոսահամարը.
3) հաճախորդին հայտնել ապահովագրության այն տեսակները, որոնցով Ընկերությունը կնքում է ապահովագրության պայմանագրեր և հղում կատարել լիցենզիայի համապատասխան գործունեությամբ զբաղվելու իրավունք տվող կետին.
4) ապահովագրության պայմանագիրը ձևակերպել այնպես, որ այն համապատասխանի հաճախորդի կողմից ապահովագրման ենթակա ռիսկերի բնույթին և ծածկի դրանք.
5) հաճախորդին գրավոր ներկայացնել և բանավոր բացատրել ապահովագրության պայմանագրի բոլոր էական պայմանները.
6) հաճախորդին գրավոր ներկայացնել ապահովագրական պատահարի առաջացման դեպքում ապահովագրական հատուցման կարգն ու պայմանները:
2. Ընկերության և հաճախորդների փոխհարաբերությունները կրում են պայմանագրային բնույթ:
3. Ընկերությունը պարտավոր է իր գործունեության այնպիսի կանոններ սահմանել, որ ապահովվեն ապահովադիրների համար հավասար պայմաններ և բացառվի շահերի բախումը, մասնավորապես՝
1) մեկ հաճախորդի նկատմամբ Ընկերության ստանձնած պարտավորությունները չհակասեն մեկ այլ հաճախորդի նկատմամբ նրա ստանձնած պարտավորություններին.
2) Ընկերության ղեկավարների և աշխատակիցների շահերը չհակասեն Ընկերության հաճախորդի նկատմամբ Ընկերության ստանձնած պարտավորություններին:
4. Ընկերություններին արգելվում է որպես հաճախորդի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու պայման նախատեսել (բանավոր կամ գրավոր ձևով)՝ տվյալ հաճախորդին այլ ապահովագրական ծառայությունների մատուցումը բացառապես իր կամ իր մատնանշած անձի կողմից:
5. Ընկերությունը պարտավոր է հաճախորդների պահանջով վերջինիս ներկայացնել հրապարակման ենթակա տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
6. Սույն հոդվածով սահմանված պահանջները խախտելու, ինչպես նաև ակնհայտ կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկություններ տրամադրելու համար Ընկերությունը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով: