Հոդված 160. Անցումային դրույթներ
Հոդված 160. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից չորս ամիս հետո:
2. Սույն օրենքն ակտուարներին վերաբերող պահանջների մասով ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:
3. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից մինչև ապահովագրական գործունեության լիցենզիայի տարեկան պետական տուրքը վճարելու ժամկետը, բայց ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում, 2004 թվականի հունիսի 11-ի «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն լիցենզիա ստացած գործող ապահովագրական ընկերությունները պետք է վերագրանցվեն և վերալիցենզավորվեն սույն օրենքով սահմանված կարգով:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 6 ամսվա ընթացքում չվերագրանցված և չվերալիցենզավորված ապահովագրական ընկերությունների լիցենզիաները սույն օրենքի ուժով համարվում են ուժը կորցրած: Այն ապահովագրական ընկերությունները, որոնց լիցենզիաները սույն մասով նախատեսված հիմքով ուժը կորցրած են համարվում, պարտավոր են լուծարվել՝ սույն օրենքով սահմանված կարգով: Այս դեպքում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի լիազորություններն իրականացնում է Կենտրոնական բանկը:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, ապահովագրական բրոքերները ենթակա են վերալիցենզավորման և հաշվառման Կենտրոնական բանկի միջնորդների ռեգիստրում՝ սույն օրենքով սահմանված կարգով, իսկ ապահովագրական գործակալները՝ հաշվառման՝ Կենտրոնական բանկի միջնորդների ռեգիստրում:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2004 թվականի հունիսի 11-ի «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2007 թ. մայիսի 22
Երևան
ՀՕ-177-Ն