Հոդված 135. Ընկերության ինքնալուծարումը
Հոդված 135. Ընկերության ինքնալուծարումը
1. Ընկերության ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում կայացնելու Ընկերության լուծարման մասին, եթե Ընկերությունը փոխանցել է իր ապահովագրական պորտֆելն ամբողջությամբ, կատարել է ապահովագրության պայմանագրերից բխող բոլոր պարտավորությունները և ունի բավարար միջոցներ բոլոր այլ պարտատերերի պահանջները բավարարելու համար:
2. Ընդհանուր ժողովի կողմից Ընկերության լուծարման նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական բանկին դիմելու մասին որոշման կայացման համար խորհուրդն ընդհանուր ժողով է ներկայացնում Ընկերության ընթացիկ տարվա ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն, ինչպես նաև պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղված միջոցների առկայությունը հավաստող և պարտատերերի պահանջների բավարարման համար անհրաժեշտ ժամկետները նախատեսող տեղեկանք:
3. Ընդհանուր ժողովի որոշմամբ Ընկերության լուծարման նպատակով ընդհանուր ժողովի կողմից նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական բանկին դիմելու մասին որոշման հիման վրա Ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում Ընկերության լուծարման նախնական համաձայնություն ստանալու դիմում՝ կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը uահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
4. Կենտրոնական բանկի խորհուրդը 90-օրյա ժամկետում քննարկում է Ընկերության լուծարման նախնական համաձայնություն ստանալու դիմումը և որոշում ընդունում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին:
5. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել Ընկերության լուծարման նախնական համաձայնություն ստանալու դիմումը, եթե Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավորված կարծիքով լուծարումը կարող է վտանգել ապահովադիրների իրավունքները և օրինական շահերը կամ հանգեցնել ֆինանսական համակարգի ապակայունացմանը:
6. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից Ընկերությանը լուծարման նախնական համաձայնություն տալու դեպքում Ընկերությունը միջոցներ է ձեռնարկում իր ապահովագրական պորտֆելն ամբողջությամբ փոխանցելու և ապահովագրական գործունեությունից բխող իր բոլոր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու ուղղությամբ:
7. Ապահովագրական պորտֆելն ամբողջությամբ փոխանցելուց և ապահովագրական գործունեությունից բխող իր բոլոր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելուց հետո միայն ընդհանուր ժողովը կարող է լուծարման մասին որոշում ընդունել:
8. Լուծարման մասին որոշման ընդունումից հետո Ընկերությունը եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում լուծարման թույլտվություն ստանալու դիմում՝ կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը uահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
9. Կենտրոնական բանկի խորհուրդը 30-օրյա ժամկետում քննարկում է Ընկերության լուծարման թույլտվություն ստանալու դիմումը և որոշում ընդունում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին:
10. Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի մերժելու լուծարման թույլտվություն ստանալու դիմումը, եթե առկա են ապահովագրական գործունեությունից բխող պարտավորություններ, կամ Ընկերությունն ի վիճակի չի լինի բավարարել իր այլ պարտատերերի պահանջները:
11. Կենտրոնական բանկի խորհուրդը լուծարման թույլտվություն տալու դեպքում ընդունում է նաև Ընկերության ապահովագրական գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում: