Հոդված 114. Ապահովագրական գաղտնիքի տրամադրումը հաճախորդի իրավահաջորդներին
Հոդված 114. Ապահովագրական գաղտնիքի տրամադրումը հաճախորդի իրավահաջորդներին
1. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը հաճախորդների վերաբերյալ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները սույն օրենքին համապատասխան տրամադրում են տվյալ հաճախորդի ժառանգներին (իրավահաջորդներին), եթե վերջիններս կամ նրանց ներկայացուցիչները տվյալ անձանց ժառանգության (իրավահաջորդության) իրավունքները հիմնավորող բավարար փաստաթղթեր են ներկայացրել:
2. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը պարտավոր են ժառանգության (իրավահաջորդության) իրավունքները հիմնավորող բավարար փաստաթղթերն ստանալու պահից` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնել դիմող անձանց կամ կազմակերպություններին ներկայացված փաստաթղթերի անբավարարության մասին՝ նշելով պակասող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, իսկ դրանց բավարարության դեպքում տասն աշխատանքային օրվա ընթացքում նրանց հաղորդել հաճախորդի վերաբերյալ ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի մոտ եղած սպառիչ տեղեկությունները և տրամադրել բոլոր փաստաթղթերը:
3. Ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի կողմից սույն հոդվածին համապատասխան տեղեկությունները հաղորդելու և փաստաթղթերը ներկայացնելու մերժումը կամ սահմանված ժամկետներում չներկայացնելը կարող է բողոքարկվել դատարան: Մերժման կամ սույն օրենքով սահմանված ժամկետներում տեղեկությունները չհաղորդելու և փաստաթղթերը չներկայացնելու հետևանքով դիմող անձանց կամ կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման օրենքով սահմանված կարգով, եթե մերժումը եղել է անհիմն, կամ ժամկետները խախտվել են ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի մեղքով: