Հոդված 12. Նշանակալից մասնակցությունը
Հոդված 12. Նշանակալից մասնակցությունը
1. Իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցությունը կարող է լինել ուղղակի կամ անուղղակի:
2. Ուղղակի նշանակալից մասնակցություն է համարվում իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցությունը:
3. Անուղղակի նշանակալից մասնակցություն է համարվում այնպիսի մասնակցությունը, որի դեպքում՝
1) անձը չունի իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն կամ ունի 10 տոկոսից պակաս մասնակցություն, սակայն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներին համապատասխան` իր գործարար համբավով կամ հեղինակությամբ ուղղակի կամ անուղղակի հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները կամ էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները կամ ոլորտները.
2) անձը չունի իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն կամ ունի 10 տոկոսից պակաս մասնակցություն, սակայն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներին համապատասխան` հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները կամ էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները՝ տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իր ունեցած պահանջի իրավունքի ուժով.
3) մասնակիցն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ունի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 50 տոկոս և ավելի մասնակցություն.
4) անձն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ունի 50 տոկոսից պակաս կամ չունի մասնակցություն և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներին համապատասխան` իր գործարար համբավով կամ հեղինակությամբ հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կամ այդ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կամ այդ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի գործունեության ուղղությունները կամ ոլորտները: