Հոդված 122. Ապահովագրական միջնորդություն իրականացնելիս հաճախորդների շահերի պաշտպանությունը և գաղտնիության ապահովումը
Հոդված 122. Ապահովագրական միջնորդություն իրականացնելիս հաճախորդների շահերի պաշտպանությունը և գաղտնիության ապահովումը
1. Մինչև ապահովագրության պայմանագրի ուժի մեջ մտնելն ապահովագրական միջնորդը պարտավոր է պարզել ապահովադրի կամ նրա լիազորած անձի ինքնությունը՝ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Եթե ապահովագրական միջնորդը բացահայտել է ապահովադրի կամ նրա լիազորած անձի ինքնությունը նախքան ապահովագրության պայմանագիր կնքելը, ապա նա կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ: Ապահովագրական միջնորդն իրավունք ունի իրավասու մարմիններից ստանալու ապահովադրի կամ նրա լիազորած անձի անհատական տվյալները:
2. Ապահովագրական միջնորդն ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնելիս իրավունք չունի առանց ապահովադրի, ապահովագրված անձի, շահառուի կամ նրանց լիազոր ներկայացուցչի համաձայնության օգտագործելու նրանց մասին տեղեկությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Պայմանագրային հարաբերությունների դադարման դեպքում անհատական տվյալների մասին տեղեկությունների օգտագործումը, առանց վերը նշված անձանց համաձայնության, արգելվում է, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
3. Ապահովագրական միջնորդի ղեկավարները, աշխատակիցները, ինչպես նաև ապահովագրական միջնորդի անունից հանդես գալու լիազորություն ունեցող անձինք իրենց գործունեության ընթացքում և գործունեության դադարման դեպքում պարտավոր են սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ապահովել ապահովագրական միջնորդային գործունեության ընթացքում ապահովադիրների, ապահովագրված անձանց, շահառուների և ապահովագրական, վերաապահովագրական ընկերությունների վերաբերյալ հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը, ներառյալ` առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները: Միջնորդները կարող են իրենց գործունեության ընթացքում ապահովադիրների, ապահովագրված անձանց, շահառուների կամ նրանց ներկայացուցիչների մասին հայտնի դարձած տեղեկությունները հրապարակել միայն սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում: