Հոդված 88. Ապահովագրական միջնորդը
Հոդված 88. Ապահովագրական միջնորդը
1. Ապահովագրական միջնորդներ են ապահովագրական բրոքերները և ապահովագրական գործակալները:
2. Ապահովագրական բրոքերը, ապահովագրական բրոքերային գործունեությունից բացի, այլ գործունեություն չի կարող իրականացնել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Ապահովագրական գործակալը չի կարող միաժամանակ իրականացնել ապահովագրական բրոքերի գործունեություն:
3. Սույն օրենքի իմաստով` ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնող անձն ապահովագրական գործակալ չի համարվում, եթե ապահովագրության պայմանագիրը, որի կնքմանը միջնորդել է անձը, բավարարում է սույն մասով նախատեսված բոլոր պահանջները միաժամանակ՝
1) ապահովագրության պայմանագիրը կյանքի ապահովագրության կամ պատասխանատվության ապահովագրության պայմանագիր չէ.
2) ապահովագրական գործակալի գործունեությունը տվյալ անձի հիմնական գործունեությունը չէ.
3) ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարների տարեկան գումարը չի գերազանցում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված գումարը, և այդ պայմանագրի գործողության ժամկետը (ներառյալ` պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգման ժամկետը) չի գերազանցում 5 տարին.
4) ապահովագրության պայմանագիրը կցված է մատակարարի կողմից վաճառվող և (կամ) առաջարկվող ապրանքներին կամ ծառայություններին, և ապահովագրության պայմանագրով ապահովագրվում է՝
ա. վաճառվող և (կամ) առաջարկվող ապրանքների կորստի կամ վնասվածքի ռիսկը, կամ`
բ. տվյալ մատակարարի կողմից վաճառված ճանապարհորդական ծառայությանը կցված բեռի կորստի կամ վնասվածքի կամ ճանապարհորդության հետ կապված այլ ռիսկ, նույնիսկ եթե ապահովագրվել է կյանքը կամ պատասխանատվության ռիսկը, եթե դրանք կապված են ճանապարհորդության հիմնական ռիսկին: