Հոդված 13. Փոխկապակցված անձինք
Հոդված 13. Փոխկապակցված անձինք
1. Իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե՝
1) տվյալ իրավաբանական անձը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 և ավելի տոկոսին կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջև կնքված պայմանագրին համապատասխան` հնարավորություն ունի կանխորոշելու մյուսի որոշումները.
2) նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 տոկոսից ավելիին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձևով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցը և (կամ) մասնակիցները կամ նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետելու մյուս անձի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 տոկոսից ավելիին կամ ունեն վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն.
3) նրանցից մեկի որևէ կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների թվի մեկ երրորդը միաժամանակ հանդիսանում է մյուս անձի որևէ կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ.
4) նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ եթե նրանք այդպիսիք են ճանաչվել Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով:
2. Ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միևնույն ընտանիքի անդամ են կամ վարում են ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն կամ գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ նրանք փոխկապակցված են ճանաչվել Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով:
3. Ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ նրանք այդպիսիք են ճանաչվել Կենտրոնական բանկի հիմնավորած կարծիքով, կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է՝
1) տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի 20 տոկոսից ավելին տնօրինող մասնակից.
2) իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ.
3) տվյալ իրավաբանական անձի ղեկավար:
4. Միևնույն ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը (ամուսնու ծնողները), տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, երեխաների ամուսինները, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները: