Հոդված 138. Պահանջների բավարարման հերթականությունը
Հոդված 138. Պահանջների բավարարման հերթականությունը
1. Գրավով ապահովված պարտավորությունները բավարարվում են տվյալ պարտավորության ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի իրացումից ստացված գումարից՝ արտահերթ: Եթե պարտավորության արժեքը գերազանցում է տվյալ պարտավորության ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի իրացման արժեքը, ապա գրավով չապահովված պարտավորության մասը բավարարվում է այլ պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունների հետ համատեղ:
2. Ընկերության պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին հետևյալ հերթականությամբ՝
1) առաջին՝ լուծարային հանձնաժողովի կողմից սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ և հիմնավորված ծախսերը, այդ թվում՝ լուծարային հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները.
2) երկրորդ՝ կյանքի ապահովագրության պայմանագրերից բխող պահանջները, եթե Ընկերությունն իրականացնում է կյանքի ապահովագրություն, և ոչ կյանքի ապահովագրության պայմանագրերից բխող պահանջները, եթե Ընկերությունն իրականացնում է ոչ կյանքի ապահովագրություն.
3) երրորդ՝ առաջին և երկրորդ հերթերում չընդգրկված պահանջները.
4) չորրորդ՝ պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ Ընկերության պարտավորությունները.
5) հինգերորդ՝ Ընկերության մասնակիցների պահանջները:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ Ընկերության պարտատերերի պահանջների բավարարման հերթականության երկրորդ հերթով սահմանված պարտատերերի թվից բացառություն են կազմում Ընկերության մասնակիցները և Ընկերության հետ փոխկապակցված անձինք, որոնց նկատմամբ Ընկերության պարտավորությունները բավարարվում են հինգերորդ հերթում:
4. Միևնույն հերթի պարտատերերն ունեն իրենց պահանջների բավարարման հավասար իրավունքներ: Միևնույն հերթի պարտատերի պահանջները բավարարվում են նախորդ հերթի բոլոր պահանջները լրիվ բավարարելուց հետո:
5. Լուծարային հանձնաժողովի կողմից պարտատիրոջ պահանջները մերժելու կամ դրանք քննարկելուց խուսափելու դեպքում մինչև Ընկերության լուծարային հաշվեկշռի հաստատումը պարտատերն իրավունք ունի բողոքարկելու լուծարային հանձնաժողովի գործողությունները: Սույն մասով նախատեսված հայցադիմումը դատարանը քննում է եռօրյա ժամկետում: Դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ: Ընդ որում, եթե պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման այն հերթում, որով այդ պահին լուծարային հանձնաժողովն իրականացնում է պահանջների բավարարումը, ապա դատարանը կարող է կասեցնել լուծարային հանձնաժողովի կողմից տվյալ հերթով պահանջների բավարարումը մինչև որոշման կայացումը:
6. Եթե պարտատերը պահանջ է ներկայացրել պարտատերերի պահանջների ներկայացման` սույն օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա նրա պահանջը բավարարվում է լուծարային այն միջոցների հաշվին, որոնք կմնան պարտատերերի` ժամանակին ներկայացված պահանջների բավարարումից հետո:
7. Եթե պահանջ ներկայացրած և լուծարային հանձնաժողովի կողմից հաշվառված պարտատերը մինչև տվյալ հերթի պահանջների բավարարման համար լուծարային հանձնաժողովի կողմից առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլով հայտարարված ժամկետի վերջին օրը չի ներկայանում իր պահանջն ստանալու համար, ապա նման պարտատիրոջը հատկացվելիք միջոցները կամ գույքն օրենքով սահմանված կարգով հանձնվում են նոտարի դեպոզիտ կամ տրամադրվում ի պահ:
8. Յուրաքանչյուր հերթի պահանջի բավարարումն սկսելուց առաջ լուծարային հանձնաժողովն առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլով հայտնում է տվյալ հերթի պահանջների բավարարման վայրի, կարգի և ժամկետների մասին տեղեկություններ: Պահանջների բավարարման վայրին, կարգին և ժամկետներին վերաբերող հիմնական տեղեկությունները, ինչպես նաև դրանց փոփոխություններն իրավաբանական ուժ են ստանում առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլով հրապարակվելու հաջորդ օրվանից:
9. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ընդգրկված պահանջների բավարարման ժամկետը չի կարող 21 օրից պակաս լինել: Ընդ որում, պահանջների բավարարման սահմանված ժամկետը որևիցե հիմքով բաց թողնելու պատճառաբանությամբ ենթակա չէ վերականգնման:
10. Լուծարային հանձնաժողովի կողմից մերժված պահանջները, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան, ինչպես նաև դատարանի վճռով մերժված պահանջները համարվում են ներված: