Հոդված 11
Հոդված 11
Տոկոսներ
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն այդպիսի տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ դրանք առաջանում են՝ այդ Պետության օրենսդրության համաձայն, բայց եթե ստացողը տոկոսների փաստացի սեփականատերն է, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10 տոկոսը:
Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կորոշեն տվյալ սահմանափակման կիրառման եղանակը:
3. Անկախ 2-րդ կետի դրույթներից՝ տոկոսները ազատվում են հարկումից այն Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջացել են, եթե՝
ա) տոկոսներ վճարողը այդ Պայմանավորվող պետության կառավարությունն է կամ տեղական իշխանության մարմինը, կամ
բ) մյուս Պայմանավորվող պետության կառավարությանը կամ տեղական իշխանության մարմնին կամ որևէ գործակալությանը կամ հաստատությանը (ներառյալ ֆինանսական հաստատությունը) վճարված տոկոսները ամբողջությամբ տնօրինվում են այդ մյուս Պայմանավորվող պետության կամ տեղական իշխանության մարմնի կողմից, կամ
գ) որևէ այլ գործակալությանը կամ հաստատությանը (ներառյալ ֆինանսական հաստատությունը) վճարված տոկոսները կապված են Պայմանավորվող պետությունների կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրի իրականացմամբ տրվող փոխառությունների հետ, կամ
դ) բանկային հաստատության կողմից տրամադրված, ներկայացնողի փաստաթղթերով չներկայացված, ցանկացած բնույթի փոխառության տոկոսներ են:
4. «Տոկոսներ» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է՝ եկամուտ կառավարական արժեթղթերից, պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից՝ անկախ հիպոթեքային ապահովումից և անկախ շահույթին մասնակցության իրավունքի առկայությունից, եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջից, ինչպես նաև բոլոր այլ գումարները (եկամուտները), որոնք ընդգրկված են փոխատվության փողերից առաջացած եկամտում՝ համաձայն այն Պետության հարկային օրենսդրության, որտեղ առաջանում են եկամուտները:
5. 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում այնտեղ գտնվող կայուն բազայի միջոցով, և պարտապահանջը, որի առնչությամբ վճարվում են տոկոսները, գործնականորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ կայուն բազայի հետ: Այդ դեպքում տոկոսները ենթակա են հարկման այդ մյուս Պայմանավորվող պետությունում՝ համաձայն վերջինիս օրենսդրության:
6. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ Պետությունն է, վարչատարածքային կամ վարչական միավորը, տեղական իշխանության մարմինը կամ այդ Պետության ռեզիդենտը: Սակայն երբ տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ կայուն բազա, որոնց առնչությամբ առաջացել է պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդ տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ կայուն բազան, ապա այդ տոկոսները համարվում են առաջացած այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ կայուն բազան:
7. Երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով պարտապահանջին վերաբերող վճարված տոկոսների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կկիրառվեն միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը կմնա հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենսդրության համաձայն՝ հաշվի առնելով սույն Կոնվենցիայի այլ դրույթները: