Հոդված 12
Հոդված 12
Ռոյալթի
1. Մի Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված ռոյալթին կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Այնուամենայնիվ, այդպիսի ռոյալթին կարող է հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ այն առաջանում է՝ այդ Պետության օրենսդրության համաձայն. սակայն եթե ստացողը ռոյալթիի փաստացի սեփականատերն է, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի ռոյալթիի համախառն գումարի 7 տոկոսը:
Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կորոշեն տվյալ սահմանափակման կիրառման եղանակը:
3. «Ռոյալթի» տերմինը սույն հոդվածում կիրառվելիս նշանակում է՝ ցանկացած տեսակի փոխհատուցում, որը ստացվում է որպես վճարում գրական, արվեստի կամ գիտական աշխատանքների, ներառյալ համակարգչային ծրագրերի, կինոնկարների, հեռուստատեսային կամ ռադիո հաղորդումների հեռարձակման համար ֆիլմերի կամ ձայներիզների, ցանկացած պատենտի, ապրանքային նշանի, դիզայնի կամ մոդելի, գծագրի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի ցանկացած հեղինակային իրավունքի օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար կամ էլ արդյունաբերական, առևտրային կամ գիտական սարքավորումների օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին վերաբերող տեղեկության համար:
4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվի, եթե ռոյալթիի փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում է ռոյալթին, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում այնտեղ գտնվող կայուն բազայի միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց առնչությամբ վճարվում է ռոյալթին, գործնականորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ կայուն բազայի հետ: Այդ դեպքում ռոյալթին ենթակա է հարկման այդ մյուս Պայմանավորվող պետությունում՝ վերջինիս օրենսդրության համաձայն:
5. Ռոյալթին համարվում է առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողը այդ Պետությունն է, վարչատարածքային կամ վարչական միավորը, տեղական իշխանության մարմինը կամ այդ Պետության ռեզիդենտը: Սակայն երբ ռոյալթի վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ կայուն բազա, որոնց առնչությամբ առաջացել է ռոյալթի վճարելու պարտավորությունը, և այդպիսի ռոյալթիի վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ կայուն բազան, ապա այդպիսի ռոյալթին կհամարվի առաջացած այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ կայուն բազան:
6. Երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով օգտագործման, իրավունքի կամ տեղեկության համար վճարվող ռոյալթիի գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կկիրառվեն միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը կմնա հարկման ենթակա, յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենսդրության համաձայն, հաշվի առնելով սույն Կոնվենցիայի այլ դրույթները: