Հոդված 15
Հոդված 15
Կախյալ անհատական ծառայություններ
1. Հաշվի առնելով 16-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ հոդվածների դրույթները՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձը, ռոճիկը և այլ համանման վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում, եթե այդպիսի վարձու աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող պետությունում: Եթե վարձու աշխատանքը իրականացվում է այդ կերպ, ապա դրա հետ կապված վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Չնայած 1-ին կետի դրույթներին՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը ենթակա է հարկման միայն առաջինը հիշատակված Պետությունում, եթե՝
ա) ստացողը ֆիսկալ տարվա ընթացքում սկսվող կամ ավարտվող ցանկացած 12-ամսյա ժամանակահատվածում գտնվում է մյուս Պետությունում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամանակահատվածում կամ ժամանակահատվածներում, և
բ) վարձատրությունը վճարվում է մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և
գ) վարձատրության ծախսերը չի կրում մյուս Պետությունում գործատուի ունեցած մշտական հաստատությունը կամ կայուն բազան:
3. Անկախ սույն հոդվածի նախորդ դրույթներից՝ միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային նավի կամ օդանավի վրա իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության՝ որոշումներ կայացնելու լիազորությամբ օժտված ղեկավարությունը: