Հոդված 17
Հոդված 17
Արտիստներ և մարզիկներ
1. Չնայած 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին՝ այն եկամուտը, որը Պայմանավորվող պետության ռեզիդենտը ստացել է որպես արվեստի գործիչ՝ թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության արտիստ կամ երաժիշտ կամ որպես մարզիկ մյուս Պայմանավորվող պետությունում իրականացրած իր անհատական գործունեությունից, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Երբ արվեստի գործչի կամ մարզիկի՝ որպես այդպիսին իրականացրած անհատական գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անձամբ արվեստի գործչին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, չնայած 7-րդ, 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունը:
3. Չնայած 1-ին և 2-րդ կետի դրույթներին՝ 1-ին կետում հիշատակված գործունեության արդյունքում արվեստի գործչի կամ մարզիկի ստացած եկամուտը ազատվում է հարկից այն Պայմանավորվող պետությունում, որտեղ այդ գործունեությունն իրականացվում է, եթե այդպիսի գործունեությունն իրականացվում է Պայմանավորվող պետությունների կառավարությունների միջև համաձայնեցված մշակութային կամ սպորտային փոխանակման շրջանակներում և չի իրականացվում շահույթ ստանալու նպատակով: