Հոդված 7
Հոդված 7
Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից
1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե այդ ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունը վերը նշված ձևով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, ապա ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ մշտական հաստատությանը:
2. Հաշվի առնելով 3-րդ կետի դրույթները, երբ Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, յուրաքանչյուր Պայմանավորվող պետությունում այդ մշտական հաստատությանը վերագրվում է այն շահույթը, որը նա կարող էր ստանալ՝ նույն կամ համանման պայմաններում իրականացնելով նույն կամ համանման գործունեություն՝ լինելով ինքնուրույն և առանձին ձեռնարկություն և գործելով միանգամայն անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է հանդիսանում:
3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է նվազեցում համարել մշտական հաստատության նպատակների համար կատարված փաստացի ծախսերը՝ ներառյալ կառավարական և ընդհանուր վարչական ծախսերը ինչպես այն Պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, այնպես էլ այլ վայրերում:
4. Այնքանով, որքանով Պայմանավորվող պետությունում ընդունված է մշտական հաստատությանը վերագրվող շահույթը որոշել ձեռնարկության ամբողջ շահույթն իր տարբեր ստորաբաժանումների միջև բաշխելու հիման վրա, 2-րդ կետի ոչ մի դրույթ չի խոչընդոտի այդ Պայմանավորվող պետությանը՝ հաշվառելու ընդունված բաշխման եղանակի հիման վրա հարկման ենթակա շահույթը: Այնուամենայնիվ, ընդունված բաշխման եղանակը պետք է լինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն հոդվածում ընդգրկված սկզբունքներին:
5. Ոչ մի շահույթ չի վերագրվի մշտական հաստատությանը՝ այդ մշտական հաստատության կողմից ձեռնարկության համար բացառապես ապրանքներ կամ արտադրանք գնելու պատճառով:
6. Նախորդ կետերի կիրառման դեպքում մշտական հաստատությանը վերագրվող շահույթը ամեն տարի կորոշվի միևնույն եղանակով, եթե հակառակն անելու համար չկա հիմնավոր և բավարար պատճառ:
7. Երբ շահույթը ներառում է եկամտի այնպիսի տարրեր, որոնց մասին առանձին նշվում է սույն Կոնվենցիայի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդի այդ հոդվածների դրույթների վրա: