Հոդված 27
Հոդված 27
Տեղեկության փոխանակում
1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կփոխանակեն այնպիսի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ կլինեն սույն Կոնվենցիայի կամ Պայմանավորվող պետությունների կամ դրանց վարչատարածքային կամ վարչական միավորների կամ տեղական իշխանության մարմինների կողմից սահմանված բոլոր տեսակի և բնույթի հարկերի առնչությամբ ներքին օրենսդրության դրույթների կիրառման համար՝ այնքանով, որքանով դրանցից առաջացած հարկումը չի հակասի սույն Կոնվենցիային, ինչպես նաև կկանխի հարկումից խուսափելը:
Տեղեկության փոխանակումը 1-ին և 2-րդ հոդվածներով չի սահմանափակվում: Մի Պայմանավորվող պետության կողմից ստացված ցանկացած տեղեկություն պետք է գաղտնի պահվի այնպես, ինչպես այդ Պետության ներքին օրենսդրության սահմաններում ստացված տեղեկությունը, և կարող է հայտնվել միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղվում են առաջին նախադասության մեջ նշված հարկերի գնահատմամբ կամ գանձմամբ, հարկերի առնչությամբ հարկադիր բռնագանձմամբ կամ դատական հետապնդմամբ կամ հարկերի վերաբերյալ բողոքարկումների քննարկմամբ: Այդպիսի անձինք կամ մարմինները տեղեկություններն օգտագործում են միմիայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկությունները դռնբաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումներում:
2. 1-ին կետի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես մի Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող՝
ա) իրականացնելու այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենսդրությանը կամ վարչական գործավարությանը հակասող վարչական միջոցառումներ,
բ) ներկայացնելու տեղեկություն, որը հասանելի չէ այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենսդրությամբ կամ սովորական վարչական գործավարության ընթացքում,
գ) ներկայացնելու տեղեկություն, որը կբացահայտի որևէ առևտրական, ձեռնարկատիրական, արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրական գործընթաց, կամ՝ տեղեկություն, որի բացահայտումը հակասում է պետական քաղաքականությանը (հասարակական կարգին):