Անցնել բովանդակությանը

Հոդված 31

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31

Գործողության դադարեցումը

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմնա մինչև Պայմանավորվող պետություններից մեկի կողմից դրա գործողության դադարեցվելը: Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Կոնվենցիայի գործողությունը սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հինգ տարի հետո՝ ցանկացած օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ դիվանագիտական ուղիներով դադարեցման մասին ծանուցում ներկայացնելով: Այդ դեպքում սույն Կոնվենցիան կդադարեցնի իր գործողությունը՝

ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ դադարեցման մասին ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո ստացված գումարների նկատմամբ,

բ) եկամտի և գույքի այլ հարկերի առնչությամբ՝ դադարեցման մասին ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո սկսվող ցանկացած հարկային ժամանակահատվածի համար վճարման ենթակա հարկերի նկատմամբ:

Ի ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ որի՝ համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Հռոմ քաղաքում 2002թ. հունիսի 14-ին, երկու բնօրինակով, հայերեն, իտալերեն և անգլերեն, բոլոր տեքստերը հավասարազոր են:

Մեկնաբանման կամ կիրառման ժամանակ տարաձայնության դեպքում նախապատվություն է տրվում անգլերեն տեքստին:

Լ Ր Ա Ց ՈՒ Ց Ի Չ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին Կոնվենցիայի

Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին այսօր կնքված Կոնվենցիան ստորագրելու պահին ներքոստորագրյալները համաձայնեցին, որ հետևյալ լրացուցիչ դրույթները կկազմեն նշված Կոնվենցիայի անբաժանելի մասը:

Համաձայնեցված է, որ՝

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար որոշումներ կայացնելու լիազորությամբ օժտված ղեկավարության վայրը որոշելիս պետք է հաշվի առնվի նաև այն վայրը, որտեղ անձը (ոչ ֆիզիկական անձը) իրականացնում է հիմնական և կարևոր գործունեություն:

2. 2-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի առնչությամբ. եթե Իտալիան ապագայում մտցնի գույքի հարկ, սույն Կոնվենցիան կկիրառվի այդպիսի հարկի նկատմամբ, և կրկնակի հարկումը կբացառվի համաձայն սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածի դրույթների:

3. 4-րդ հոդվածի 1-ին կետի առնչությամբ. «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» արտահայտությունը ներառում է նաև այդ Պետությունը և որևէ վարչատարածքային կամ վարչական միավոր կամ տեղական իշխանության մարմին:

4. 7-րդ հոդվածի 3-րդ կետի առնչությամբ. «մշտական հաստատության նպատակների համար կատարված ծախսեր» տերմինը նշանակում է այն ծախսերը, որոնք անմիջապես կապված են մշտական հաստատության գործունեության հետ:

5. 7-րդ հոդվածի 3-րդ կետի առնչությամբ. չի թույլատրվի գումարների որևէ նվազեցում, եթե մշտական հաստատության կողմից ձեռնարկության գրասենյակի ղեկավարին կամ ձեռնարկության այլ ցանկացած գրասենյակին վճարված է որևէ գումար (այլ, քան փաստացի ծախսերի փոխհատուցում) պատենտների կամ այլ իրավունքների օգտագործման համար՝ ռոյալթիի, վարձատրությունների կամ այլ նմանատիպ վճարումների տեսքով, մատուցված առանձին ծառայությունների կամ կառավարման համար կոմիսիոն վճարների տեսքով կամ բացառությամբ բանկային հաստատության դեպքի՝ մշտական հաստատությանը վճարված դրամական գումարների տոկոսների տեսքով: Նմանապես, մշտական հաստատության եկամուտները հաշվարկելիս որևէ հաշվարկ չի արվի այն գումարների համար (այլ, քան փաստացի ծախսերի փոխհատուցում), որոնք վճարված են մշտական հաստատության կողմից ձեռնարկության գրասենյակի ղեկավարին կամ ձեռնարկության այլ ցանկացած գրասենյակին՝ պատենտների կամ այլ իրավունքների օգտագործման համար՝ ռոյալթիի, վարձատրությունների կամ այլ վճարումների տեսքով կամ կոմիսիոն վճարների տեսքով, մատուցված առանձին ծառայությունների կամ կառավարման համար կամ, բացառությամբ բանկային հաստատության դեպքի, ձեռնարկության ղեկավարին կամ ձեռնարկության այլ ցանկացած գրասենյակին վճարված դրամական գումարների տոկոսների տեսքով:

6. 8-րդ հոդվածի առնչությամբ. միջազգային փոխադրումներում ծովային նավերի կամ օդանավի շահագործումից ստացվող եկամուտները կներառեն.

ա) միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային նավերի կամ օդանավի՝ առանց անձնակազմ վարձակալությունից ստացված շահույթը,

բ) բեռնարկղների օգտագործումից կամ վարձակալությունից ստացված շահույթը, եթե այդ շահույթը հատուկ է միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային նավերի կամ օդանավի շահագործումից ստացված այլ շահույթին:

7. 10-րդ հոդվածի 4-րդ կետի, 11-րդ հոդվածի 5-րդ կետի, 12-րդ հոդվածի 4-րդ կետի, 22-րդ հոդվածի 2-րդ կետի առնչությամբ. դրանցում ընդգրկված վերջին նախադասությունը չպետք է մեկնաբանվի որպես սույն Կոնվենցիայի 7-րդ և 14-րդ հոդվածներում ընդգրկված սկզբունքներին չհամապատասխանող:

8. 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի առնչությամբ. Իտալիայի արտաքին առևտրական հաստատությանը (I.C.E) և Իտալիայի բանկին, ինչպես նաև Հայաստանի համապատասխան հաստատություններին մատուցված ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված վարձատրության նկատմամբ տարածվում են պետական ծառայության վերաբերյալ դրույթները:

9. 29-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները չեն խոչընդոտում Պայմանավորվող պետությունների իրավասու մարմիններին՝ փոխադարձ համաձայնությամբ իրականացնելու սույն Կոնվենցիայով նախատեսված սահմանափակումների կիրառման այլ պրակտիկա:

10. Սույն Կոնվենցիայում ոչինչ չի խոչընդոտում յուրաքանչյուր Պայմանավորվող պետությանը կիրառել իր ներքին հարկային օրենսդրությունը՝ հարկումից խուսափելը կանխելու և հարկումը բացառելու համար:

Ի ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ որի՝ համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Լրացուցիչ արձանագրությունը:

Կատարված է Հռոմ քաղաքում 2002 թ. հունիսի 14-ին, երկու բնօրինակով, հայերեն, իտալերեն և անգլերեն, բոլոր տեքստերը հավասարազոր են:

Մեկնաբանման կամ կիրառման ժամանակ տարաձայնության դեպքում նախապատվություն է տրվում անգլերեն տեքստին:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2008թ. մայիսի 5-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։