Հոդված 5
Հոդված 5
Մշտական հաստատություն
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է՝ գործունեության կայուն վայր, որտեղ ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:
2. «Մշտական հաստատություն» տերմինը հատկապես ներառում է.
ա) ղեկավարման վայր,
բ) մասնաճյուղ,
գ) գրասենյակ,
դ) գործարան,
ե) արտադրամաս,
զ) հանքահոր, քարհանք կամ բնական պաշարների արդյունահանման այլ վայր,
է) շինարարական հրապարակը կամ շինարարությունը կամ հիմնադրման ծրագիրը, որոնք գոյություն ունեն ավելի քան ինն ամիս:
3. «Մշտական հաստատություն» տերմինը չի ներառում.
ա) հարմարությունների օգտագործումը՝ ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով,
բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը՝ բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով,
գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը՝ բացառապես այլ ձեռնարկության կողմից մշակման նպատակով,
դ) գործունեության կայուն վայրի օգտագործումը՝ ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի՝ բացառապես գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով,
ե) գործունեության կայուն վայրի օգտագործումը ձեռնարկության համար՝ բացառապես գովազդի, տեղեկության տրամադրման, գիտական հետազոտությունների կամ նախապատրաստական կամ օժանդակ բնույթի նմանատիպ այլ գործունեություն իրականացնելու նպատակով:
4. Անկախ կարգավիճակով գործակալ համարվող անձից (որին վերաբերում է 5-րդ կետը) տարբերվող՝ մի Պայմանավորվող պետությունում մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության անունից գործող անձը կհամարվի մշտական հաստատություն ունեցող առաջինը հիշատակված Պետությունում, եթե նա ունի և սովորաբար օգտագործում է այդ Պետությունում ձեռնարկության անունից կոնտրակտներ կնքելու իրավասություն՝ բացառությամբ, երբ նրա գործողությունները սահմանափակվում են ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի գնումներով:
5. Մի Պայմանավորվող պետության ձեռնարկությունը չի համարվում մյուս Պայմանավորվող պետությունում մշտական հաստատություն ունեցող միայն այն պատճառով, որ այդ մյուս Պետությունում ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում բրոքերի, սովորական կոմիսիոն գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով, որտեղ այդպիսի անձինք գործում են իրենց սովորական գործունեության շրջանակներում: Սակայն սույն կետի իմաստով այդ անձը չի դիտարկվի որպես անկախ կարգավիճակով գործակալ, եթե այդ գործակալի գործունեությունը ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ իրականացվում է այդ ձեռնարկության անունից:
6. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպ), ինքնին որևէ ընկերության չի վերածում մյուսի մշտական հաստատության:
Գլուխ III
Եկամուտների հարկումը