Հոդված 7
Հոդված 7
ՇԱՀՈՒՅԹ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ
1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում` այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է վերը նշված ձևով, ապա այդ ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ մշտական հաստատությանը:
2. Հաշվի առնելով 3-րդ կետի դրույթները, եթե Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, ապա Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրում այդ մշտական հաստատությանն է վերագրվում այն շահույթը, որը նա կարող էր ստանալ, եթե լիներ նույնպիսի կամ համանման պայմաններում, նույնպիսի կամ համանման գործունեություն իրականացնող միանգամայն ինքնուրույն և առանձին ձեռնարկություն և գործեր լիովին անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է հանդիսանում:
3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է նվազեցնել մշտական հաստատության նպատակների համար կատարված ծախսերը, այդ թվում` կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը, անկախ այն հանգամանքից, կատարվել են դրանք այն Պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, թե այլուր:
4. Եթե Պայմանավորվող պետությունում ընդունված է մշտական հաստատությանը վերագրվող շահույթը որոշել ձեռնարկության տարբեր ենթամասերի միջև ձեռնարկության ընդհանուր շահույթի համամասնական բաշխման հիման վրա, ապա ոչինչ 2-րդ կետում չի արգելում այդ Պայմանավորվող պետությանը` որոշել հարկման ենթակա շահույթը այդպիսի բաշխման ընդունված եղանակով: Այնուամենայնիվ, բաշխման ընդունված եղանակը պետք է լինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն Հոդվածի սկզբունքներին:
5. Մշտական հաստատության կողմից ձեռնարկության համար միայն ապրանքների կամ արտադրանքի գնումը հիմք չի հանդիսանում այդ մշտական հաստատությանը որևէ շահույթ վերագրելու համար:
6. Նախորդ կետերի նպատակների համար մշտական հաստատությանը վերագրվող շահույթը որոշվում է տարեցտարի միևնույն եղանակով, քանի դեռ չկա այն փոխելու հիմնավոր և բավարար պատճառ:
7. Այն դեպքում, երբ շահույթը ներառում է եկամտի կամ կապիտալի արժեքի հավելաճի այնպիսի տեսակներ, որոնք առանձին քննարկվում են սույն Կոնվենցիայի այլ Հոդվածներում, ապա սույն Հոդվածի դրույթները չեն ազդում այդ Հոդվածների դրույթների վրա: