Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

ՏՈԿՈՍՆԵՐ

1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն մի Պայմանավորվող պետությունում առաջացող տոկոսները կարող են հարկվել նաև այդ Պետությունում՝ այդ Պետության օրենքների համաձայն. բայց եթե տոկոսների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 5 տոկոսը:

3. Չնայած 2-րդ կետի դրույթներին` 1-ին կետում նշված տոկոսները հարկման ենթակա են միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է տոկոսների փաստացի սեփականատերը, եթե բավարարվի հետևյալ պահանջներից որևէ մեկը.

ա) տոկոսների վճարող կամ ստացող է հենց Պայմանավորվող պետությունը, նրա կառավարական մարմինը կամ գործակալությունը, քաղաքական ստորաբաժանումը, տեղական իշխանությունը կամ Պայմանավորվող պետության կենտրոնական բանկը,

բ) տոկոսները վճարվում են կամ երաշխավորվում են շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA), շվեդական արտահանման վարկավորման կազմակերպության (SEK), Միջազգային AB շվեդհիմնադրամի, շվեդական արտահանման վարկավորման երաշխիքային հիմնադրամի (Expօrtkreditոamոdeո) կամ յուրաքանչյուր Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի այլ պետական բնույթի հաստատության կողմից, որի նպատակն է խրախուսել արտահանումը կամ զարգացումը:

4. «Տոկոսներ» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է` եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջից` անկախ այն բանից` ապահովվա՞ծ են գրավով, թե ոչ, և առկա՞ է, թե ոչ պարտապանի շահույթում մասնակցության իրավունք, և, մասնավորապես, եկամուտ պետական արժեթղթերից և եկամուտ պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից` ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի և փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներն ու մրցանակները: Ժամկետանց վճարման համար գանձվող տույժերը սույն հոդվածի նպատակներով որպես տոկոսներ չեն դիտարկվում:

5. 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով մի Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և պարտապահանջը, որի կապակցությամբ վճարվում են տոկոսները, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

6. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ Պետության ռեզիդենտ է: Սակայն այն դեպքում, երբ տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն, որի կապակցությամբ առաջացել է պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդպիսի տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը, ապա այդպիսի տոկոսները համարվում են առաջացած այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը:

7. Այն դեպքում, երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով պարտապահանջին վերաբերող` վճարվող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը նշված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքների համաձայն` հաշվի առնելով սույն Կոնվենցիայի այլ դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։