Հոդված 25
Հոդված 25
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխանակում են տեղեկություններ, որոնք պատշաճ կհամարվեն սույն Կոնվենցիայի դրույթների իրականացման կամ ներքին օրենքների կիրառման կամ կատարման համար Պայմանավորվող պետությունների կամ նրանց քաղաքական ստորաբաժանումների կամ տեղական իշխանությունների անունից կիրառվող ցանկացած տեսակի և բնույթի հարկերի վերաբերյալ այն չափով, որքանով դրանց հիման վրա հարկումը չի հակասում Կոնվենցիային: Տեղեկությունների փոխանակումը չի սահմանափակվում 1-ին և 2-րդ հոդվածներով:
2. Պայմանավորվող պետության` 1-ին կետի համաձայն ստացած ցանկացած տեղեկություն դիտարկվում է գաղտնի այնպես, ինչպես այդ Պետության ներքին օրենքներին համապատասխան ստացած տեղեկությունը, և հաղորդվում է միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք առնչվում են 1-ին կետում նշված հարկերի գնահատմանը կամ գանձմանը, հարկադիր բռնագանձմանը կամ դատական հետապնդմանը, բողոքարկումների քննմանը: Այդ անձինք կամ մարմինները տեղեկությունն օգտագործում են միայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկությունը բաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումների ժամանակ: Չնայած վերոգրյալին` Պայմանավորվող պետության ստացած տեղեկությունը կարող է օգտագործվել այլ նպատակներով, եթե այլ նպատակներով այդպիսի տեղեկության օգտագործումը թույլատրվում է Պայմանավորվող պետությունների օրենքների համաձայն, և տրամադրող Պետության իրավասու մարմինը թույլատրում է նման օգտագործումը:
3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող.
ա) իրականացնել իր կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներին և վարչական պրակտիկային հակասող վարչական միջոցառումներ.
բ) տրամադրել տեղեկություններ, որոնք հասանելի չեն իր կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներով կամ սովորական վարչարարության ընթացքում.
գ) տրամադրել տեղեկություններ, որոնք բացահայտում են որևէ առևտրային, ձեռնարկատիրական, արդյունաբերական, կոմերցիոն կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրային գործընթաց, կամ` տեղեկություններ, որոնց բացահայտումը հակասում է պետական քաղաքականությանը (հասարակական կարգին):
4.Եթե Պայմանավորվող պետությունը տեղեկություններ է պահանջում սույն հոդվածի համաձայն, մյուս Պայմանավորվող պետությունը պետք է օգտագործի տեղեկություններ ձեռք բերելու իր միջոցները` պահանջված տեղեկություններն ստանալու համար, նույնիսկ այն դեպքում, եթե այդ մյուս Պայմանավորվող պետությունն իր հարկային նպատակների համար չունի այդպիսի տեղեկությունների անհրաժեշտություն: Նախորդ նախադասության մեջ պարունակվող պարտավորությունը ենթակա է 3-րդ կետով նախատեսված սահմանափակման, բայց այդպիսի սահմանափակումները ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվեն որպես Պայմանավորվող պետությանը թույլտվություն` մերժել տեղեկությունների տրամադրումը միայն այն պատճառով, որ ինքը չունի այդպիսի տեղեկությունների նկատմամբ ներքին հետաքրքրություն:
5. 3-րդ կետի դրույթները ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվեն որպես Պայմանավորվող պետությանը թույլտվություն` մերժել տեղեկությունների տրամադրումը միայն այն պատճառով, որ տեղեկություններին տիրապետում է բանկը, այլ ֆինանսական հաստատությունը, նշանակված անձը կամ գործակալությունում աշխատող անձը կամ խնամակալը, կամ` որ այն վերաբերում է անձի սեփական շահերին: