Հոդված 3
Հոդված 3
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով, եթե համատեքստով այլ բան չի պահանջվում.
ա) «Պայմանավորվող պետություն» կամ «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները, համատեքստից կախված, նշանակում են Հայաստան կամ Շվեդիա,
բ) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն և երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է` տարածք, ներառյալ ցամաքը, ջրերը, ընդերքը և օդային տարածքը, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները և իրավազորությունը` ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի համաձայն,
գ) «Շվեդիա» տերմինը նշանակում է Շվեդիայի Թագավորություն և երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, ներառում է Շվեդիայի ազգային տարածքը, տարածքային ծովը, ինչպես նաև այլ ծովային տարածքները, որոնց նկատմամբ Շվեդիան իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները և իրավազորությունը` միջազգային իրավունքի համաձայն,
դ) «անձ» տերմինը նշանակում է` ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում,
ե) «ընկերություն» տերմինը նշանակում է` ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ միավոր, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես իրավաբանական անձ,
զ) «ձեռնարկություն» տերմինը կիրառվում է ցանկացած ձեռնարկատիրական գործունեության իրականացման նկատմամբ,
է) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները, համապատասխանաբար, նշանակում են` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,
ը) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է՝ ցանկացած փոխադրում Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող նավով կամ օդանավով` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ նավը կամ օդանավը շահագործվում է բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև,
թ) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.
i) Հայաստանում` ֆինանսների նախարարություն կամ վերջինիս լիազորած ներկայացուցիչ,
ii) Շվեդիայում` ֆինանսների նախարար, նրա կողմից լիազորված ներկայացուցիչ կամ մարմին, որը նշանակվել է որպես իրավասու մարմին սույն Կոնվենցիայի նպատակների համար,
ժ) «քաղաքացի» տերմինը Պայմանավորվող պետության առումով նշանակում է.
i) ցանկացած ֆիզիկական անձ, ով ունի Պայմանավորվող պետության քաղաքացիություն, և
ii) ցանկացած իրավաբանական անձ, գործընկերություն կամ ընկերակցություն, որն իր այդ կարգավիճակն ստացել է այդ Պայմանավորվող պետության գործող օրենքների համաձայն,
ժա) «ձեռնարկատիրական գործունեություն» տերմինը նշանակում է` մասնագիտական ծառայությունների և անկախ բնույթի այլ գործունեության իրականացում:
2. Պայմանավորվող պետության կողմից Կոնվենցիան ցանկացած պահի կիրառելիս դրանում չսահմանված ցանկացած տերմին, եթե համատեքստն այլ բան չի պահանջում, ունի այն նշանակությունը, որը նա ունի այդ պահին` այդ Պետության օրենքի համաձայն, այն հարկերի առնչությամբ, որոնց նկատմամբ Կոնվենցիան կիրառվում է. ընդ որում` այդ Պետության կիրառելի հարկային օրենքներով սահմանված յուրաքանչյուր նշանակություն գերակայում է այդ Պետության այլ օրենքներով այդ տերմինին տրվող նշանակության նկատմամբ: