Հոդված 11. Միջազգային պայմանագրի նախագիծը համաձայնեցնելը
Հոդված 11. Միջազգային պայմանագրի նախագիծը համաձայնեցնելը
1. Միջազգային պայմանագիր կնքելու ընթացակարգեր իրականացնելու վերաբերյալ ծանուցումը արտաքին գործերի նախարարությունից ստանալուց հետո (սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մաս) իրավասու գերատեսչությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության հանձնարարականում կամ առաջարկությունում նշված ժամկետում, իսկ եթե ժամկետ նշված չէ` 15-օրյա ժամկետում, վերանայում է պայմանագրի նախագծի տեքստը, ճշգրտումներ, ուղղումներ կատարում դրանում, անհրաժեշտության դեպքում լրամշակում կամ վերամշակում է այն, իսկ եթե դրա կնքման առաջարկությունն ստացվել է միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտից, և ինքը գտնում է, որ նրա ներկայացրած տեքստը էական բարելավման կարիք ունի, ապա 20-օրյա ժամկետում մշակում է պայմանագրի նախագծի իր տարբերակը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո իրավասու գերատեսչությունը միջազգային պայմանագրի նախագիծը համաձայնեցման համար ներկայացնում է`
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն (այսուհետ` արդարադատության նախարարություն).
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն).
3) այլ գերատեսչություն, որի իրավասության ոլորտին առնչվող հարցեր ևս շոշափվում են տվյալ միջազգային պայմանագրի նախագծով, կամ որը` ըստ օրենքի, պետք է մասնակցի տվյալ միջազգային պայմանագրի նախագծի մշակմանը կամ նախապատրաստմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նախագիծը, սույն օրենքին համապատասխան, մշակվել է շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ համատեղ։
Սույն մասով նախատեսված նախարարությունները և գերատեսչությունները հետագա տեքստում անվանվում են շահագրգիռ գերատեսչություններ։
3. Եթե միջազգային պայմանագրի նախագիծը ստացվել է միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտից, ապա համաձայնեցման համար իրավասու գերատեսչությունը շահագրգիռ գերատեսչություններ է ներկայացնում նաև այդ նախագծի վերաբերյալ կազմած իր նախնական կարծիքը կամ դիտողություններն ու առաջարկությունները` դրանց վերաբերյալ ևս այդ մարմինների դիրքորոշումը ստանալու համար։