Հոդված 28. Միջազգային պայմանագիրը վավերացման ներկայացնելը, վավերացնելը և հաստատելը
Հոդված 28. Միջազգային պայմանագիրը վավերացման ներկայացնելը, վավերացնելը և հաստատելը
(վերնագիրը լրաց. 31.05.17 ՀՕ-89-Ն)
1. Վավերացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային ժողով միջազգային պայմանագիրը ներկայացնում է համապատասխան օրենքի նախագծով Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից պայմանագիրը ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում:
Միջազգային պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագիծը սահմանված կարգով կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ միաժամանակ առաջարկելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում միջազգային պայմանագիրը ներկայացնելու համար կառավարության ներկայացուցչի թեկնածությունը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը միջազգային պայմանագիրը վավերացնում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով։
Ազգային ժողովում միջազգային պայմանագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը։
2. Հայկական կողմի ստորագրած միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահը հաստատում է Հանրապետության Նախագահի աշխատակազմի գործավարական կանոններով սահմանված կարգով։
Միջազգային պայմանագրի հաստատման մասին Հայաստանի Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագիր։
3. Եթե միջազգային պայմանագիրը վավերացման կամ հաստատման է ներկայացվել դրա վերաբերյալ հայկական կողմի վերապահում, հայտարարություն, այդ պայմանագրի մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ հայկական կողմից առարկություն անելու առաջարկությամբ, և դա վավերացնող կամ հաստատող մարմնի կողմից ընդունվել է, ապա տվյալ միջազգային պայմանագրի վավերացման կամ հաստատման մասին ակտում նշվում է այն վերապահումով, հայտարարությունով կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ հայկական կողմի առարկությունով վավերացնելու կամ հաստատելու մասին։
(28-րդ հոդվածը լրաց., խմբ. 31.05.17 ՀՕ-89-Ն)