Հոդված 11
Հոդված 11
Թռիչքների անվտանգությունը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ցանկացած ժամանակ կարող է պահանջել խորհրդակցությունների անցկացում մյուս Պայմանավորվող կողմի կողմից ընդունված՝ թռիչքային անձնակազմերին, օդանավերին կամ դրանց շահագործմանը առնչվող ցանկացած բնագավառում թռիչքային անվտանգության չափանիշների վերաբերյալ: Այդպիսի խորհրդակցությունները պետք է տեղի ունենան նման հարցում ստանալու օրվանից 30 (երեսուն) օրվա ընթացքում:
2. Եթե նման խորհրդակցության արդյունքում մի Պայմանավորվող կողմը գտնում է, որ մյուս Պայմանավորվող կողմը պատշաճ ձևով չի պահպանում կամ կիրառում նշված բնագավառներից յուրաքանչյուրում թռիչքային անվտանգության չափանիշները, որոնք առնվազն համապատասխանում են այդ պահին Կոնվենցիային համապատասխան հաստատված նվազագույն չափանիշներին, ապա առաջին Պայմանավորվող կողմը մյուս Պայմանավորվող կողմին պետք է ծանուցի այդպիսի եզրակացությունների և այն գործողությունների մասին, որոնք անհրաժեշտ են ձեռնարկել այդ նվազագույն չափանիշներին համապատասխանեցնելու համար, և որ մյուս Պայմանավորվող կողմը պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ: Այն դեպքում, եթե մյուս Պայմանավորվող կողմը չի ձեռնարկում համապատասխան անհրաժեշտ միջոցներ 15 (տասնհինգ) օրվա ընթացքում կամ ավելի երկար ժամանակահատվածում, որը կարող է համաձայնեցված լինել, դա պետք է հիմք լինի սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի կիրառման համար:
3. Անկախ Կոնվենցիայի 33-րդ հոդվածով նախատեսված պարտավորություններից, համաձայնեցված է, որ մի Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության անունից շահագործվող կամ վարձակալված ցանկացած օդանավ դեպի մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք կամ պետության տարածքից թռիչքներ կատարելու համար մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվելիս կարող է ստուգման ենթարկվել այդ Պայմանավորվող կողմի լիազորված ներկայացուցիչների կողմից` օդանավում կամ օդանավի շրջակայքում, օդանավի և դրա անձնակազմի փաստաթղթերի իսկությունը, օդանավի և դրա սարքավորումների վիճակը ստուգելու նպատակով (սույն հոդվածում` «կառամատուցային տեսչական ստուգում»)` պայմանով, որ այն չի հանգեցնի չվերթի անհիմն հետաձգման:
4. Եթե նման ստուգումը կամ մի շարք ստուգումները ի հայտ են բերում.
ա) լուրջ հիմքեր, որ օդանավը կամ օդանավի շահագործումը չի համապատասխանում տվյալ պահին Կոնվենցիային համապատասխան սահմանված նվազագույն չափանիշներին, կամ
բ) լուրջ հիմքեր այն մասին, որ բացակայում են տվյալ պահին Կոնվենցիային համապատասխան սահմանված` բավարար տեխնիկական սպասարկման և թռիչքների անվտանգության չափանիշների պահպանումը,
ապա Կոնվենցիայի 33-րդ հոդվածի համաձայն տեսչական ստուգումն իրականացնող Պայմանավորվող կողմն իրավունք ունի տալու եզրակացություն, որ այն պահանջները, որոնց համաձայն օդանավին կամ այդ օդանավի անձնակազմին տրվել են հավաստագրերը կամ վկայագրերը, որոնց հիման վրա դրանք վավեր են ճանաչվել, կամ այն պահանջները, որոնց համաձայն տվյալ օդանավը շահագործվում է, չեն համապատասխանում Կոնվենցիայի համաձայն սահմանված նվազագույն չափանիշներին:
5. Այն դեպքում, երբ, սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն, մի Պայմանավորվող կողմի ավիաընկերության կողմից կամ նրա անունից շահագործվող օդանավի կառամատուցային տեսչական ստուգումը տվյալ ավիաընկերության ներկայացուցիչների կողմից արգելվում է, մյուս Պայմանավորվող կողմն իրավունք ունի ենթադրելու, որ կան լուրջ թերություններ, որոնք նկարագրված են սույն հոդվածի 4-րդ կետում, և հանգել եզրակացության` այդ կետի համաձայն:
6. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում անմիջապես դադարեցնելու կամ փոփոխելու մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերությանը տրված շահագործման թույլտվությունը, եթե առաջին Պայմանավորվող կողմը տեսչական ստուգման, ստուգումների շարքի, տեսչական ստուգման անցկացումը չթույլատրելու, խորհրդակցության արդյունքում կամ այլ պատճառով եզրակացնում է, որ անհրաժեշտ է ձեռնարկել անհապաղ միջոցներ, որոնք կարևոր են ավիաընկերության անվտանգ թռիչքների համար:
7. Պայմանավորվող կողմերից մեկի կողմից սույն հոդվածի 3-րդ և 6-րդ կետերի համաձայն նախաձեռնվող ցանկացած գործողություն պետք է անհապաղ դադարեցվի, հենց վերանան նման գործողությունների ընդունման հիմքերը: