Հոդված 8
Հոդված 8
Մաքսատուրքերից և այլ հարկերից ազատելը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունների կողմից միջազգային փոխադրումների համար օգտագործվող օդանավերը, ինչպես նաև դրանց մշտական սարքավորումները, պահեստամասերը, ներառյալ շարժիչները, վառելիքի պաշարները, քսայուղերը և օդանավի պաշարները (այդ թվում` սննդամթերքը, խմիչքը), որոնք գտնվում են այդ օդանավերում, մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք ժամանելուց կազատվեն բոլոր մաքսատուրքերից, ստուգման վճարներից և այլ տուրքերից ու հարկերից` պայմանով, որ այդ սարքավորումները և պաշարները կմնան օդանավում մինչև այդ Պայմանավորվող կողմի պետության տարածքից մեկնելու պահը:
2. Այդպիսի մաքսատուրքերից, վճարներից և հարկերից, բացի մատուցված ծառայությունների դիմաց վճարներից, ազատվում են նաև.
ա) օդանավի պաշարները, որոնք օդանավ են վերցվել մի Պայմանավորվող կողմի պետության տարածքում՝ այդ Պայմանավորվող կողմի համապատասխան իշխանությունների կողմից սահմանված ծավալով, և նախատեսված են մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության կողմից՝ համաձայնեցված հաղորդակցություններով շահագործվող օդանավում օգտագործելու համար,
բ) պահեստամասերը, որոնք բերվել են մի Պայմանավորվող կողմի պետության տարածք մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության կողմից՝ համաձայնեցված հաղորդակցություններով շահագործվող օդանավի տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման համար,
գ) վառելիքը և քսայուղերը, որոնք մի Պայմանավորվող կողմի պետության տարածք են բերվել մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության` սահմանված երթուղիներով թռիչքներ կատարող օդանավի համար՝ նույնիսկ, եթե այդ պաշարները պետք է օգտագործվեն այն Պայմանավորվող կողմի պետության տարածքի սահմաններով անցնող երթուղու հատվածում, որտեղ դրանք վերցվել են օդանավ:
Սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված նյութերը, ըստ պահանջի, կարող են դրվել մաքսային հսկողության տակ:
3. Օդանավի մշտական սարքավորումները, ինչպես նաև մի Պայմանավորվող կողմի օդանավերում գտնվող նյութերն ու պաշարները կարող են բեռնաթափվել մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում միայն այդ Պայմանավորվող կողմի մաքսային իշխանությունների թույլտվությամբ: Այդ դեպքում դրանք կարող են թողնվել նշված իշխանությունների հսկողության տակ այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հետ չեն տարվել կամ, մաքսային կանոններին համապատասխան, այլ նշանակություն չեն ստացել: