Հոդված 19
Հոդված 19
Տարաձայնությունների կարգավորում
1. Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված՝ ցանկացած տարաձայնություն առաջանալու դեպքում, բացառությամբ այն տարաձայնությունների, որոնք առաջացել են 11-րդ (Թռիչքների անվտանգություն) և 12-րդ (Ավիացիոն անվտանգություն) հոդվածների շուրջ, Պայմանավորվող կողմերը առաջին հերթին ձգտում են դրանք կարգավորել խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
2. Եթե Պայմանավորվող կողմերին չի հաջողվում համաձայնության գալ բանակցությունների միջոցով, ապա վեճը, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի խնդրանքով, կարող է փոխանցվել արբիտրաժ` ստորև նշված ընթացակարգերին համապատասխան:
3. Վեճի արբիտրաժային քննությունը կատարվում է երեք միջնորդ դատավորների կազմով միջնորդ դատարանի կողմից. յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է մեկական միջնորդ դատավոր, իսկ այդպիսով նշանակված երկու միջնորդ դատավորները որոշում են երրորդին` պայմանով, որ երրորդ միջնորդ դատավորը չպետք է լինի որևէ Պայմանավորվող կողմի պետության քաղաքացի: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նշանակի միջնորդ դատավորին 60 (վաթսուն) օրվա ընթացքում՝ հաշված այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերից որևէ մեկը մյուս Պայմանավորվող կողմից դիվանագիտական ուղիներով ծանուցում է ստանում վեճի արբիտրաժային քննություն անցկացնելու խնդրանքով, և երրորդ միջնորդ դատավորը որոշվում է լրացուցիչ 60 (վաթսուն) օրվա ընթացքում: Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը չի նշանակում իր դատավորին 60 (վաթսուն) օրվա ընթացքում, կամ եթե երրորդ միջնորդ դատավորը չի որոշվում վերը նշված ժամկետում, ապա յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ԻԿԱՕ-ի խորհրդի նախագահին խնդրել նշանակել դատավոր կամ դատավորներ: Եթե նախագահը Պայմանավորվող կողմերից որևէ մեկի պետության քաղաքացի է, ապա փոխնախագահներից ավագը, ով այդ հիմքով չի ճանաչվում անիրավունակ, կատարում է նշանակումներ: Միջնորդ դատարանը եզրակացության է հանգում ձայների մեծամասնությամբ:
4. Միջնորդ դատարանը սահմանում է իր սեփական ընթացակարգը:
5. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ամբողջովին կատարում է միջնորդ դատարանի ցանկացած որոշում կամ վճիռ՝ այնքանով, որքանով այն համատեղելի է իր պետության ազգային օրենսդրության հետ:
6. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ինքն է հոգում իր նշանակած դատավորի գործունեության հետ կապված ծախսերը: Միջնորդ դատարանի այլ ծախսերը, ներառյալ ԻԿԱՕ-ի խորհրդի նախագահի՝ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված ընթացակարգերի կատարման կապակցությամբ կատարած ծախսերը, Պայմանավորվող կողմերի միջև բաշխվում են հավասարապես:
7. Եթե և քանի դեռ Պայմանավորվող կողմերից մեկը չի կատարում սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն կայացված որոշումը, մյուս Պայմանավորվող կողմը կարող է սահմանափակել, կասեցնել կամ չեղարկել որոշումը չկատարած Պայմանավորվող կողմին կամ որոշումը չկատարած ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին իր կողմից սույն Համաձայնագրի ուժով տրամադրված ցանկացած իրավունք կամ արտոնություն: