Հոդված 3
Հոդված 3
Լիազորություններ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի նշանակելու ավիաընկերություն/ներ սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման նպատակով, ինչպես նաև չեղարկելու կամ փոխարինելու նշանակված ավիաընկերությունները այլ ավիաընկերությամբ/ավիաընկերություններով` այդ մասին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով մյուս Պայմանավորվող կողմին:
2. Նման ծանուցում ստանալուն պես մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները, սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթներին համապատասխան, յուրաքանչյուր նշանակված ավիաընկերության անմիջապես տրամադրում են թռիչքների կատարման համապատասխան թույլտվություն:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունից կարող է պահանջել ապացույցներ այն մասին, որ նա ի վիճակի է կատարելու այդ Պայմանավորվող կողմի պետության կողմից սովորաբար և հիմնավորված կերպով կիրառվող օրենքներով և կանոններով նախատեսված պայմանները՝ Կոնվենցիայի դրույթներին համապատասխան միջազգային օդային հաղորդակցությունները շահագործելիս:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի մերժելու սույն հոդվածի 2-րդ կետում նշված` թռիչքի թույլտվության տրամադրումը կամ պահանջելու կատարել այնպիսի պայմաններ, որոնք ինքն անհրաժեշտ կհամարի նշանակված ավիաընկերության կողմից սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված իրավունքներից օգտվելու համար՝ ցանկացած դեպքում, երբ վերոնշյալ Պայմանավորվող կողմը չունի ապացույցներ, որ այդ ավիաընկերության առավելապես տիրապետման կամ դրա նկատմամբ իրական հսկողության իրավունքը պատկանում են այդ ավիաընկերությանը նշանակած Պայմանավորվող կողմին կամ նրա պետության քաղաքացիներին:
5. Նշանակված և դրա հիման վրա թույլտվություն ստացած ավիաընկերությունը կարող է ցանկացած ժամանակ սկսել համաձայնեցված հաղորդակցությունների շահագործումը` պայմանով, որ դա համապատասխանում է սույն Համաձայնագրի դրույթներին: