Հոդված 13
Հոդված 13
Սակագներ
1. Ցանկացած համաձայնեցված հաղորդակցությունում սակագները պետք է սահմանվեն՝ հաշվի առնելով բոլոր համապատասխան գործոնները, ներառյալ շահագործման ծախսերը, շահույթը և սահմանված երթուղու ցանկացած հատվածի համար այլ ավիաընկերությունների սակագները: Այդ սակագները պետք է սահմանվեն սույն հոդվածում ներքոնշյալ պայմանների համաձայն: Պայմանավորվող կողմերը որպես անընդունելի կդիտարկեն այն սակագները, որոնք ոչ խելամիտ կերպով բարձր են կամ սահմանափակված են գերիշխող դիրքի չարաշահման պատճառով, ինչպես նաև ավիաընկերություններին այն գներից պաշտպանելու նպատակով, որոնք արհեստականորեն նվազեցված են ուղղակի կամ անուղղակի պետական սուբսիդիաների կամ օժանդակության հաշվին՝ խտրական գների և գործելակերպի կանխման, գների առումով սպառողների պաշտպանության նպատակով:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված սակագները սահմանված երթուղիներից յուրաքանչյուրի համար պետք է ըստ հնարավորության համաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի նշանակված ավիաընկերությունների միջև՝ այդ երթուղիները ամբողջովին կամ մասամբ շահագործող այլ ավիաընկերությունների հետ խորհրդակցելուց հետո: Նման համաձայնեցում, ըստ հնարավորության, ձեռք կբերվի Օդային տրանսպորտի միջազգային ընկերակցության սակագների սահմանման մեխանիզմի կիրառմամբ:
3. Եթե նշանակված ավիաընկերությունները չեն կարողանում համաձայնության գալ սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան իրենց ներկայացված որևէ սակագնի հաստատման հարցում, ապա այդ տարաձայնությունը պետք է կարգավորվի սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածով սահմանված կարգով:
4. Սույն հոդվածի դրույթների համաձայն սահմանված սակագները պետք է ուժի մեջ մնան այնքան ժամանակ, քանի դեռ չեն սահմանվել նոր սակագներ: Այնուամենայնիվ, սակագնի օգտագործումը սույն կետի գործողության ուժով չի կարող երկարաձգվել ավելի քան 12 տասներկու ամիս այն օրվանից հետո, երբ այն համարվում է ուժը կորցրած: