Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Ավիացիոն անվտանգություն

1. Միջազգային իրավունքով նախատեսված իրենց իրավունքների և պարտավորությունների համաձայն` Պայմանավորվող կողմերը հաստատում են անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն ապահովելու՝ միմյանց նկատմամբ իրենց ստանձնած պարտավորությունը: Առանց սահմանափակելու միջազգային իրավունքով նախատեսված իրենց պետությունների ստանձնած իրավունքների և պարտավորությունների ընդհանուր կիրառելիությունը` Պայմանավորվող կողմերը կգործեն 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված` «Օդանավում կատարվող հանցագործությունների և որոշակի այլ գործողությունների մասին» կոնվենցիայի, 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված` «Օդանավի անօրինական զավթման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի, 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված` «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին» կոնվենցիայի, 1971 թվականի սեպտեմբերի 23-ի՝ «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին» կոնվենցիան լրացնող` «Միջազգային քաղաքացիական ավիացիան սպասարկող օդանավակայաններում բռնության ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին» 1988 թվականի փետրվարի 24-ին Մոնրեալում ստորագրված արձանագրության, 1991 թվականի մարտի 1-ին Մոնրեալում ստորագրված՝ «Պլաստիկ պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով դրանց դրոշմադրման մասին» կոնվենցիայի դրույթների, ինչպես նաև ավիացիոն անվտանգության ոլորտում այլ միջազգային կոնվենցիաների ու արձանագրությունների դրույթների համաձայն, որոնց շրջանակներում Պայմանավորվող կողմերը համագործակցում են:

2. Պայմանավորվող կողմերը մյուս Պայմանավորվող կողմի խնդրանքով միմյանց ցուցաբերում են ողջ անհրաժեշտ աջակցությունը` կանխելու համար քաղաքացիական օդանավերի ապօրինի գրավման գործողությունները և օդանավերի, դրանց ուղևորների և անձնակազմերի, օդանավակայանների և աերոնավիգացիոն սարքավորումների անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողությունները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք:

3. Պայմանավորվող կողմերը գործում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից սահմանված և միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի հավելվածներ համարվող` ավիացիոն անվտանգության դրույթներին և տեխնիկական պահանջներին համապատասխան՝ այնքանով, որքանով անվտանգության այդպիսի դրույթները կիրառելի են Պայմանավորվող կողմերի նկատմամբ. նրանք կպահանջեն, որ օդանավերն սպասարկող անձնակազմերը, որոնց գործունեության հիմնական վայրը կամ մշտական գտնվելու վայրն իրենց պետության տարածքն է, և իրենց պետության տարածքներում միջազգային օդանավակայանների սպասարկող անձնակազմերը գործեն ավիացիոն անվտանգության այդ դրույթներին համապատասխան:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համաձայնում է, որ մյուս Պայմանավորվող կողմը կարող է օդանավերի սպասարկող անձնակազմերից պահանջել պահպանել սույն հոդվածի 3-րդ կետում նշված ավիացիոն անվտանգության դրույթները և պահանջները, որոնք այդ Պայմանավորվող կողմը նախատեսում է իր տարածք մուտք գործելու, այնտեղից մեկնելու և տարածքի սահմաններում գտնվելու ընթացքում: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր պետության տարածքում օդանավի բեռնման կամ ուղևորների նստեցման ընթացքում և դրանից առաջ պետք է ապահովի, որ արդյունավետորեն կիրառվեն պատշաճ միջոցներ օդանավերի պաշտպանության և ուղևորների, անձնակազմի, ուղեբեռի, բեռի և օդանավի պաշարների ստուգման համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ բարյացակամորեն քննության է առնում մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած խնդրանք, որը վերաբերում է անվտանգության հատուկ միջոցների կիրառմանը որոշակի սպառնալիքի դեպքում:

5. Երբ տեղի է ունենում քաղաքացիական օդանավի անօրինական զավթման կամ օդանավերի, դրանց ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների կամ աերոնավիգացիոն միջոցների անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողությունների հետ կապված միջադեպ կամ միջադեպի սպառնալիք, Պայմանավորվող կողմերը միմյանց օգնություն են ցուցաբերում` դյուրացնելով հաղորդակցությունն ու ձեռնարկելով այլ համապատասխան միջոցներ՝ նման միջադեպը կամ դրա սպառնալիքն արագ ու անվտանգ վերացնելու համար:

6. Եթե Պայմանավորվող կողմերից մեկը չի կատարում սույն հոդվածով նշված ավիացիոն անվտանգության դրույթները, ապա մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են պահանջել անհապաղ խորհրդակցություններ տվյալ Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։