Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 8. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1. Բյուջետային համակարգի միասնականության սկզբունքը նշանակում է իրավական հիմքի, դրամական համակարգի, բյուջետային փաստաթղթերի ձևերի, բյուջետային դասակարգման, բյուջետային գործընթացի սկզբունքների, բյուջետային օրենսդրության խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցների միասնություն, ինչպես նաև բյուջետային համակարգի բոլոր մակարդակների բյուջեների ելքերի ֆինանսավորման և բյուջեների միջոցների բյուջետային հաշվառման վարման միասնական կարգ:
2. Բյուջետային համակարգի մեջ մտնող տարբեր մակարդակների բյուջեների միջև բյուջետային մուտքերի և ելքերի տարանջատման սկզբունքը նշանակում է պետական և համայնքների բյուջեներին բյուջետային մուտքերի համապատասխան տեսակների (ամբողջապես կամ մասնակիորեն), ինչպես նաև այդ բյուջեներից ելքերի իրականացման գծով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված իրավասությունների ամրագրում:
3. Բյուջեների ինքնուրույնության սկզբունքը նշանակում է`
ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը բյուջետային համակարգի յուրաքանչյուր մակարդակում օրենսդրությանը համապատասխան ինքնուրույն իրականացնել բյուջետային գործընթացը.
բ) բյուջետային համակարգի յուրաքանչյուր մակարդակի բյուջեների մուտքերի` օրենսդրությանը համապատասխան որոշվող սեփական աղբյուրների առկայություն.
գ) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը` օրենսդրությանը համապատասխան ինքնուրույն որոշելու համապատասխան բյուջեների միջոցների ծախսման ուղղությունները.
դ) պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը` օրենսդրությանը համապատասխան ինքնուրույն որոշելու համապատասխան բյուջեների դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները.
ե) բյուջեների մասին օրենքների (որոշումների) կատարման ընթացքում չստացված մուտքերի և լրացուցիչ ելքերի բյուջետային համակարգի այլ մակարդակի բյուջեների հաշվին փոխհատուցման անթույլատրելիություն:
4. Բյուջեների մուտքերի և ելքերի արտացոլման լրիվության սկզբունքը նշանակում է, որ օրենսդրությամբ սահմանված բյուջեների մուտքերը և ելքերը պարտադիր կարգով և ամբողջ ծավալով ենթակա են արտացոլման բյուջեներում: Պետական և համայնքների բյուջեների բոլոր ելքերը ենթակա են ֆինանսավորման` բյուջետային համակարգում կուտակված բյուջետային միջոցների հաշվին:
5. Բյուջեների հաշվեկշռվածության սկզբունքը նշանակում է, որ բյուջեով նախատեսված ելքերի ծավալը չպետք է գերազանցի մուտքերի ծավալին:
6. Բյուջետային ելքերի ամբողջական (համախառն) ծածկվածության սկզբունքը նշանակում է, որ բյուջեի բոլոր ելքերը պետք է ծածկվեն բյուջեի մուտքերով: Մուտքերը չեն կարող կապվածություն ունենալ որոշակի ելքերի հետ, բացառությամբ նպատակային բյուջետային մուտքերի ստացման դեպքերի, կամ օրենսդրությամբ նպատակային բյուջետային ֆոնդերի ստեղծման դեպքում` դրանց մուտքերի:
7. Բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության սկզբունքը նշանակում է, որ բյուջեների կազմման և կատարման ժամանակ պետք է ելնել նախատեսված արդյունքի բյուջետային միջոցների նվազագույն ծավալի օգտագործմամբ կամ բյուջեով նախատեսված միջոցների ծավալով լավագույն արդյունքի հասնելու անհրաժեշտությունից:
8. Բյուջեների հրապարակայնության սկզբունքը նշանակում է`
ա) հաստատված բյուջեների և դրանց կատարման մասին հաշվետվությունների պարտադիր հրապարակումը մամուլում (սույն օրենքի 26-րդ, 36-րդ և 36.7-րդ հոդվածների պահանջներին համապատասխան), բյուջեների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության մատչելիություն.
բ) բյուջեների նախագծերի քննարկման և որոշումների ընդունման գործընթացի պարտադիր թափանցիկություն հասարակության և զանգվածային լրատվության միջոցների համար: Ի տարբերություն համայնքների և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեների, պետական բյուջեի կազմում կարող են հաստատվել գաղտնի հոդվածներ:
9. Բյուջետային միջոցների հասցեագրվածության և նպատակայնության սկզբունքը նշանակում է, որ բյուջետային միջոցներն օրենսդրությանը համապատասխան հատկացվում են կոնկրետ ստացողներին` ֆինանսավորման հստակ նպատակների նշվածությամբ:
Բյուջետային միջոցների հատկացման ժամանակ օրենսդրության շրջանակներից դուրս ցանկացած գործողություն, որը հանգեցնում է բյուջեով նախատեսված միջոցների հասցեագրվածության խախտմանը կամ այդ միջոցների ուղղմանը բյուջեով չնախատեսված նպատակներին, որակվում է որպես օրենսդրության խախտում:
10. Բյուջեների իրատեսության սկզբունքը նշանակում է համապատասխան տարածքի (երկրի, համայնքի) զարգացման կանխատեսման և դրա հիման վրա բյուջետային մուտքերի և ելքերի հաշվարկման իրատեսություն:»: