Հոդված 19. Օրենքի 21-րդ հոդվածում`
Հոդված 19. Օրենքի 21-րդ հոդվածում`
1) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 2.1- 2.11-րդ մասեր`
«2.1. Պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացը բաղկացած է երկու փուլից`
ա) առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակման համար պատշաճ ծրագրային հիմքեր ստեղծելու նպատակով առաջիկա երեք տարվա` Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակում.
բ) առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակում:
2.2. Առաջիկա երեք տարվա` Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ` միջնաժամկետ ծախսերի ծրագիր) մշակման նպատակն է հնարավորություն ստեղծել կառավարության համար կառավարելու պետական հատվածի ֆինանսական ռեսուրսներն իր միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին և քաղաքականության գերակայություններին համապատասխան: Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ծառայում է հիմք` պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար:
2.3. Միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման փուլն սկսվում է առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշման ընդունման օրը և ավարտվում միջնաժամկետ ծախսերի ծրագրի հրապարակման օրը: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակումն իրականացվում է սույն օրենքով և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում:
2.4. Պետական լիազորված մարմինը մշակում և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված կարգով և ժամկետում պետական մարմիններին է տրամադրում միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումները: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումներում ներկայացվում են պետական մարմինների կողմից մշակվող ոլորտային միջնաժամկետ ծրագրերի նախագծերին ներկայացվող ընդհանուր պահանջները, այդ նախագծերի ներկայացման կարգը, ինչպես նաև տեղեկություններ` առաջիկա երեք տարում կառավարության հարկաբյուջետային սկզբունքների, կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների և ռազմավարական ծախսային գերակայությունների վերաբերյալ:
2.5. Պետական մարմինները կազմում և պետական լիազորված մարմին են ներկայացնում իրենց ոլորտային միջնաժամկետ ծախսերի ծրագրերը` առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում:
2.6. Ոլորտային միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ստորագրում է պետական մարմնի ղեկավարը:
2.7. Սահմանված ժամկետում ոլորտային միջնաժամկետ ծախսերի ծրագրերի չներկայացման դեպքում դրանք ըստ անհրաժեշտության և հնարավորության կազմում է պետական լիազորված մարմինը:
2.8. Իր պարտականությունները կատարելու համար պետական լիազորված մարմինն իրավասու է պետական մարմիններից պահանջել և ստանալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:
2.9. Պետական լիազորված մարմինը մշակում է միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում ներկայացնում է կառավարություն:
2.10. Կառավարությունը քննարկում և մինչև ընթացիկ տարվա հունիսի 20-ը հաստատում է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Կառավարությունը հրապարակում, ինչպես նաև Ազգային ժողով է ներկայացնում` ի գիտություն, միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը:
2.11. Առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակման փուլն սկսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հաստատման օրը:».
2) հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Պետական լիազորված մարմինն առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում պետական մարմիններ է ուղարկում առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումները` դրանց մեջ արտացոլելով առաջիկա տարվա քաղաքականության գերակայությունների, պետական մարմիններին հատկացվելիք ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների և նոր ծրագրերի ու միջոցառումների ֆինանսավորման իմաստով առանձին ոլորտներում համեմատաբար առաջնահերթ համարվող պետական մարմինների ցանկը:
Առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում պետական լիազորված մարմինը պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է վերջիններիս համար պարտադիր բնույթ կրող մեթոդական ցուցումներ` պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի և պետական բյուջեից նպատակային հատկացումներ ստանալու նպատակով ծախսերի հաշվարկման համար սահմանված նորմերի և նորմատիվների, պետական բյուջեից նպատակային հատկացումներ ստանալու նպատակով բյուջետային ֆինանսավորման հայտի կազմման ու ներկայացման կարգի, բյուջետային դասակարգման մանրամասների, բյուջետային ծախսերի նախահաշիվների ու համայնքի բյուջեի (նրա բաղկացուցիչ մասերի) միասնական ձևերի մասին, ինչպես նաև խորհրդատվական բնույթ կրող ցուցումներ (ուղեցույցեր):
4. Պետական մարմիններն առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումների համաձայն կազմված իրենց և համակարգի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը (որտեղ ցույց է տրվում կապն առաջիկա երեք տարվա պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հետ և ընդգծվում են առաջիկա երեք տարվա պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նկատմամբ բոլոր զգալի շեղումները) առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում ներկայացնում են պետական լիազորված մարմին:».
3) 5-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկում և մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 20-ը» բառերը փոխարինել «Պետական լիազորված մարմինն առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում» բառերով.
4) 7-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմինը» բառերով, իսկ «դրանք» բառից հետո ավելացնել «ըստ անհրաժեշտության և հնարավորության» բառերը.
5) 8-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմինը» բառերով, 9-րդ մասի առաջին պարբերությունում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 10-ը» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմինն առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում» բառերով, երրորդ պարբերության առաջին նախադասությունում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը, նրա կողմից լիազորված նախարարի տեղակալը» բառերը` «պետական լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված ղեկավարի տեղակալը» բառերով, իսկ «Դրանք հայտատուներին ուղարկվում են մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ը:» նախադասությունը փոխարինել «Արձանագրությունները հայտատուներին տրամադրվում են առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում:» նախադասությամբ.
6) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«10. Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պատվիրակված որոշակի լիազորությունների հիման վրա առանձին բնագավառներում կարգավորող գործունեություն իրականացնող գործադիր իշխանությունից անկախ մարմինների բյուջետային ֆինանսավորման հայտերի պատճենները պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում են Ազգային ժողով:».
7) 11-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմնի» բառերով, իսկ 13-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը» բառերը` «պետական լիազորված մարմինը» բառերով, հանել չակերտները և «առանձին հոդվածը» բառերը: