Անցնել բովանդակությանը

Հոդված 28.2. ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐՆ ՈՒ ԵԼՔԵՐԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28.2. ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐՆ ՈՒ ԵԼՔԵՐԸ

Համայնքների բյուջեների ֆոնդային մասը (ֆոնդային բյուջեն) ներառում է`

I. Մուտքերի գծով`

1. Համայնքների բյուջեներին` օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող եկամուտները, այդ թվում`

ա) ոչ հարկային եկամուտները.

բ) կապիտալի գործառնություններից եկամուտները.

գ) պաշտոնական տրանսֆերտները:

1.1. Ոչ հարկային եկամուտներն են`

ա) համայնքի սեփականությունը համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած գույքի օտարումից եկամուտները.

բ) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, հանրապետության այլ համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների) նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած դրամական միջոցները.

գ) վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումները.

դ) սույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքում` բանկերում համայնքի բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացված տոկոսավճարները:

1.2. Կապիտալի գործառնություններից եկամուտներն են`

ա) համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների (այդ թվում` հողերի) և ոչ նյութական ակտիվների օտարումից եկամուտներ, այդ թվում` համայնքի սեփականությունը հանդիսացող լուծարված կազմակերպությունների մնացորդային գույքի օտարումից եկամուտները.

բ) համայնքի սեփականություն համարվող պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից եկամուտները:

1.3. Պաշտոնական տրանսֆերտներն են`

ա) պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները` սուբվենցիաները.

բ) կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար այլ աղբյուրներից (հանրապետության համայնքներ, միջազգային կազմակերպություններ և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմիններ) ստացվող նպատակային տրանսֆերտները:

2. Դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավվող միջոցներն են`

ա) պետական բյուջեից և օրենքով թույլատրված այլ աղբյուրներից ստացված վարկերը.

բ) տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցները: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման կարգը սահմանում է կառավարությունը.

գ) պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցներն ուղղվում են`

- Երևան քաղաքի համաքաղաքային կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորմանը` Երևան քաղաքի վարչական տարածքում տեղաբաշխված գույքի մասնավորեցումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով,

- Հայաստանի Հանրապետության մարզերում գտնվող համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված պարտադիր լիազորությունների ֆինանսավորմանը` այդ համայնքի վարչական տարածքում տեղաբաշխված անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով:

Երևան քաղաքում տեղակայված անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացված հատուկ հաշվին:

Ընդ որում, համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները և Երևանի խորհուրդը սույն մասի «գ» կետում նշված միջոցները կարող են ուղղել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համաձայնեցված ծրագրերի ֆինանսավորմանը.

դ) ֆոնդային բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը:

II. Ելքերի գծով`

1. Ծախսերի գծով` սույն օրենքի 28.1-րդ հոդվածի II մասում նշված ուղղություններով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերջիններիս վերապահված լիազորությունների շրջանակներում կատարվող կապիտալ ծախսերը:

2. Ֆոնդային բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավված վարկերի և տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած պարտատոմսերի մարումները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։