Հոդված 15. ԿԱԽՅԱԼ ԱՆՁՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 15. ԿԱԽՅԱԼ ԱՆՁՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Հաշվի առնելով 16, 18 և 19 հոդվածների դրույթները, վարձու աշխատանքի հետ կապված, մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից ստացվող աշխատավարձը, ռոճիկը և այլ նման վարձատրությունները, հարկվում են միայն այդ Պետությունում, եթե միայն վարձու աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող Պետությունում: Եթե վարձու աշխատանքը իրականացվում է այդ կերպ, ապա դրա հետ կապված ստացվող վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Չնայած սույն հոդվածի 1 կետի դրույթներին, մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից ստացվող, մյուս Պայմանավորվող Պետությունում իրականացվող վարձու աշխատանքի հետ կապված, վարձատրությունը հարկվում է միայն առաջինը հիշատակված Պետությունում, եթե.
ա) ստացողը գտնվում է մյուս Պետությունում, տվյալ օրացուցային տարում սկսվող կամ ավարտվող ցանկացած տասներկուամսյա ժամկետի ընթացքում, ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամկետի կամ ժամկետների ընթացքում, և
բ) վարձատրությունը կատարվում է այդ մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող վարձողի կողմից կամ վարձողի անունից, և
գ) վարձատրություն կատարելու ծախսերը չեն կրում մյուս Պետությունում վարձողի ունեցած մշտական հաստատությունը կամ մշտական բազան:
3. Անկախ սույն հոդվածի նախորդ դրույթներից, միջազգային փոխադրումներում Պայմանավորվող Պետության ձեռնարկության կողմից շահագործվող ծովային, գետային նավի կամ օդանավի, ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտային միջոցի վրա իրականացվող վարձու աշխատանքի հետ կապված ստացվող վարձատրությունը կարող է հարկվել այդ Պայմանավորվող Պետությունում: