Հոդված 4. ՌԵԶԻԴԵՆՏ
Հոդված 4. ՌԵԶԻԴԵՆՏ
1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտ» արտահայտությունը նշանակում է անձ, որը այդ Պետության օրենսդրությամբ այնտեղ ենթակա է հարկման բնակության վայրի, գրանցման վայրի, մշտական գտնվելու վայրի կամ այլ համանման չափանիշի հիման վրա: Այդ արտահայտությունը սակայն, չի ներառում անձին, որը ենթակա է հարկման այդ Պետությունում, միայն այդ Պետության աղբյուրներից եկամուտների կամ այդտեղ գտնվող գույքի առնչությամբ:
2. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1 կետի դրույթներին համապատասխան ֆիզիկական անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող Պետությունների ռեզիդենտ, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ.
ա) նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ ունի մշտական կացարան, եթե նա երկու Պետություններում էլ ունի մշտական կացարան, նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ նա ունի ավելի սերտ անձնական և տնտեսական կապեր (կենսական շահերի կենտրոն),
բ) եթե Պետությունը, որտեղ նա ունի կենսական շահերի կենտրոն չի կարող որոշվել կամ եթե նա Պետություններից և ոչ մեկում չունի մշտական կացարան, նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ սովորաբար բնակվում է,
գ) եթե նա սովորաբար բնակվում է երկու Պետություններում կամ եթե նա երկու Պետություններում էլ սովորաբար չի բնակվում, նա համարվում է այն պետության ռեզիդենտը, ում քաղաքացին հանդիսանում է,
դ) եթե Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրը նրան դիտարկում է որպես իր քաղաքացի, կամ եթե նա չի հանդիսանում դրանցից և ոչ մեկի քաղաքացի, ապա Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները տվյալ հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:
3. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1 կետի դրույթներին համապատասխան ֆիզիկական անձ չհանդիսացող անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող Պետությունների ռեզիդենտ, նա համարվում է այն Պետության ռեզիդենտ, որտեղ գրանցված է: