Հոդված 5. ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ
Հոդված 5. ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ
1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «մշտական հաստատություն» արտահայտությունը նշանակում է գործունեության մշտական վայր, որի միջոցով լիովին կամ մասնակիորեն իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:
2. «Մշտական հաստատություն» արտահայտությունը մասնավորապես ներառում է.
ա) ղեկավարման վայրը,
բ) մասնաճյուղը,
գ) գրասենյակը,
դ) առևտրի վայրը,
ե) ֆաբրիկան,
զ) արհեստանոցը,
է) հանքահորը, նավթի կամ գազի հորատանցքը, քարհանքը կամ բնական պաշարների հետախուզման, մշակման կամ արդյունահանման ցանկացած այլ վայրը:
3. «Մշտական հաստատություն» արտահայտությունը ընդգրկում է նաև.
ա) Շինարարական հրապարակը, շինարարական, մոնտաժային կամ հավաքման օբյեկտը, կամ հիշատակված օբյեկտների հետ կապված հսկողական գործունեությունը, բայց միայն այն դեպքում, երբ դրանց հետ կապված աշխատանքների տևողությունը գերազանցում է տասներկու ամիսը,
բ) ձեռնարկության ծառայությունների մատուցումը, ներառյալ խորհրդատվական ծառայությունները, այդ նպատակների համար ձեռնարկության վարձած ծառայողների կամ այլ անձնակազմի միջոցով, բայց միայն երբ այդ կարգի գործունեության տևողությունը (մեկ կամ մի քանի օբյեկտների համար) երկրի սահմաններում ընդհանուր առմամբ կազմում է ավելի քան տասներկուամսյա ժամանակահատված կամ ժամանակահատվածներ:
4. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին, մի Պայմանավորվող Պետության ձեռնարկության գործունեության հետևյալ տեսակները չեն դիտարկվում որպես մյուս Պայմանավորվող Պետությունում մշտական հաստատության միջոցով իրականացվող.
ա) կառույցների օգտագործումը բացառապես ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պահպանման կամ ցուցադրման նպատակների համար,
բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը բացառապես պահպանման կամ ցուցադրման նպատակների համար,
գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը բացառապես այլ ձեռնարկության կողմից վերամշակման նպատակների համար,
դ) գործունեության մշտական վայրի պահումը բացառապես ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով,
ե) գործունեության մշտական վայրի պահումը բացառապես ձեռնարկության համար նախապատրաստական կամ օժանդակ բնույթի ցանկացած այլ գործունեության իրագործման նպատակներով,
զ) գործունեության մշտական վայրի պահումը բացառապես ա)-ից ե) ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության իրականացման համար, պայմանով, որ գործունեության մշտական վայրի այդպիսի համակցության արդյունքում առաջացած ընդհանուր գործունեությունը ունի նախապատրաստական կամ օժանդակ բնույթ:
5. Չնայած սույն հոդվածի 1 և 2 կետերի դրույթներին, եթե անկախ կարգավիճակով գործակալ (որի մասին խոսվում է սույն հոդվածի 7 կետում) չհանդիսացող անձը գործում է Պայմանավորվող Պետությունում մյուս Պայմանավորվող Պետության ձեռնարկության անունից, ապա այդ ձեռնարկությունը դիտարկվում է որպես առաջինը հիշատակված Պետությունում մշտական հաստատություն ունեցող ցանկացած գործունեության առումով, որը այդ անձը ձեռնարկում է ձեռնարկության համար, եթե այդ անձը.
ա) առաջին հիշատակված Պետությունում ունի և սովորաբար օգտագործում է ձեռնարկության անունից կոնտրակտներ կնքելու լիազորություն, բացառությամբ, եթե այդ անձի գործունեությունը սահմանափակվում է սույն հոդվածի 4 կետում նշվածով, որը եթե և իրականացվել է գործունեության մշտական վայրի միջոցով, համաձայն սույն կետի դրույթների, չի վերածում մշտական գործունեության այդ վայրը մշտական հաստատության,
բ) չունի այդպիսի լիազորություններ, բայց սովորաբար ապրանքների և արտադրանքի պաշարներ է պահում առաջինը հիշատակված Պետությունում, որտեղից նա կանոնավոր դրանք մատակարարում է ձեռնարկությանը:
6. Չնայած նույն հոդվածի նախորդ դրույթներին, կհամարվի որ Պայմանավորվող Պետության ապահովագրական ձեռնարկությունը, բացի վերապահովագրական դեպքերից, մշտական հաստատություն ունի մյուս Պայմանավորվող Պետությունում, եթե նա անկախ կարգավիճակով գործակալ չհանդիսացող անձի միջոցով, որին վերաբերում է սույն հոդվածի 7 կետը, այդ մյուս Պետության տարածքում ապահովագրական մուծումներ է հավաքում կամ ապահովագրում է հնարավոր այնտեղ ռիսկից:
7. Ձեռնարկությունը չի դիտարկվում որպես Պայմանավորվող Պետությունում մշտական հաստատություն ունեցող, եթե միայն նա ձեռնարկատիրական գործունեությունը այդ Պետությունում իրականացնում է բրոքերի, կոմիսիոների կամ անկախ կարգավիճակով ցանկացած այլ գործակալի միջոցով, պայմանով, որ այդ անձինք գործում են իրենց սովորական գործունեության շրջանակներում: Սակայն, եթե այդպիսի գործակալի գործունեությունը լիովին կենտրոնանում է այդպիսի ձեռնարկության համար գործունեության վրա, ապա սույն կետի շրջանակներում նա չի դիտարկվի որպես անկախ կարգավիճակով գործակալ:
Մի Պայմանավորվող Պետության ձեռնարկության առնչությամբ «անկախ կարգավիճակով գործակալ» արտահայտությունը նշանակում է ֆիզիկական անձ, որը հանդիսանում է մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ և աշխատանքային հարաբերությունների մեջ չէ առաջինը հիշատակված Պետության ձեռնարկության հետ:
8. Այն փաստը, որ Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից, կամ որը այդ մյուս Պետությունում ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպ), ինքնին այդ ընկերություններից մեկին չի վերածում մյուսի մշտական հաստատության: