Հոդված 24. ԱՆԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 24. ԱՆԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Մի Պայմանավորվող պետության ազգային անձինք մյուս Պայմանավորվող պետությունում չպետք է ենթարկվեն որևէ հարկման կամ դրա հետ կապված պարտավորության կատարման, որն այլ է կամ ավելի ծանր է, քան այն հարկումն ու պարտավորությունների կատարումը, որին ենթակա են կամ կարող են ենթակա լինել նման հանգամանքներում այդ մյուս Պետության ազգային անձինք:
2. Պայմանավորվող պետություններից որևէ մեկի ռեզիդենտ համարվող, քաղաքացիություն չունեցող անձինք Պայմանավորվող պետություններից ոչ մեկում չեն ենթարկվի որևէ հարկման կամ դրա հետ կապված պարտավորության կատարման, որն այլ է կամ ավելի ծանր է, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորությունների կատարումը, որին ենթակա են կամ նման հանգամանքներում կարող են ենթակա լինել այդ մյուս Պետության քաղաքացիները:
3. Մի Պայմանավորվող պետության ձեռնարկության` մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական ներկայացուցչության հարկումը չի կարող այդ մյուս Պետությունում պակաս բարենպաստ լինել, քան այդ մյուս Պետությունում նույնատիպ գործունեություն իրականացնող ձեռնարկության հարկումը: Այս դրույթը չպետք է մեկնաբանվի որպես մի Պայմանավորվող պետությանը` մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին հարկային անհատական արտոնություններ, պահումներ և զեղչեր շնորհել պարտավորեցնող, որոնք այդ մյուս Պետությունը տրամադրում է սեփական ռեզիդենտներին` նրանց քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա:
4. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի առաջին կետի, 11-րդ հոդվածի 7-րդ կամ 12-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթները, տոկոսները, ռոյալթին և մի Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին կատարած այլ վճարումները, այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով պետք է հաշվառվեն նույն պայմաններով, որոնց համաձայն դրանք կվճարվեին առաջինը նշված Պետության ռեզիդենտին: Նմանապես, մի Պայմանավորվող պետության ձեռնարկության ցանկացած պարտք մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին, այդ ձեռնարկության հարկվող գույքի որոշման նպատակով, պետք է ենթակա լինի հանման նույն պայմաններով, ինչպես եթե այն պարտք լիներ առաջինը նշված Պետության ռեզիդենտին:
5. Մի Պայմանավորվող պետության ձեռնարկությունը, որի գույքը ամբողջովին կամ մասամբ պատկանում, ուղղակի կամ անուղղակի վերահսկվում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, առաջինը նշված Պետությունում չպետք է ենթարկվի որևէ հարկման կամ դրա հետ կապված ցանկացած պարտավորությունների կատարման, որն այլ է կամ ավելի ծանր է, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորությունների կատարումը, որին ենթակա են կամ կարող են ենթակա լինել առաջինը նշված Պետության` նման այլ ձեռնարկությունները: