Անցնել բովանդակությանը

Հոդված 5. ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «մշտական ներկայացուցչություն» տերմինը նշանակում է գործունեության մշտական վայր, որի միջոցով մի Պայմանավորվող պետության ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունը, ամբողջությամբ կամ մասամբ, իրականացնում է մյուս Պայմանավորվող պետությունում:

2. «Մշտական ներկայացուցչություն» արտահայտությունը մասնավորապես ներառում է`

ա) ղեկավարման վայր,

բ) բաժանմունք,

գ) գրասենյակ,

դ) ֆաբրիկա,

ե) արհեստանոց,

զ) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, հանք կամ բնական պաշարների հետախուզման և (կամ) արդյունահանման ցանկացած այլ վայր,

է) ապրանքների վաճառքի համար օգտագործվող պահեստ կամ այլ շինություն:

3. Շինարարական հրապարակը, հավաքման կամ տեղակայման օբյեկտը, ինչպես նաև հիշատակված օբյեկտների հետ կապված վերահսկողական գործունեությունը մշտական ներկայացուցչություն կազմում են միայն այն դեպքում, եթե դրանք գոյություն ունեն տասներկու ամսից ավել:

4. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին` «մշտական ներկայացուցչություն» տերմինը չի ներառում`

ա) շինությունների օգտագործումը բացառապես ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պահպանման, ցուցադրման կամ առաքման նպատակով,

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը բացառապես պահպանման, ցուցադրման կամ առաքման նպատակով,

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարի պահումը բացառապես այլ ձեռնարկության կողմից վերամշակման նպատակով,

դ) գործունեության մշտական վայրի պահումը բացառապես ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկության հավաքման նպատակով,

ե) գործունեության մշտական վայրի պահումը բացառապես ձեռնարկության համար նախապատրաստական կամ օժանդակ բնույթի որևէ այլ գործունեություն իրականացնելու նպատակով,

զ) գործունեության մշտական վայրի պահումը բացառապես «ա»-ից «ե» ենթակետերում թվարկված գործունեության տեսակների ցանկացած համակցության իրականացման համար` պայմանով, որ այդ համակցության արդյունքում գործունեության մշտական վայրի ընդհանուր գործունեությունը պետք է կրի նախապատրաստական կամ օժանդակ բնույթ:

5. Չնայած սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերի դրույթներին, եթե ձեռնարկության անունից գործող անձը անկախ կարգավիճակով գործակալ չէ, որի մասին խոսվում է սույն հոդվածի 6-րդ կետում, ունի և սովորաբար օգտագործում է Պայմանավորվող պետությունում ձեռնարկության անունից գործարքներ (կոնտրակտներ) կնքելու իրավասություն կամ պահում է ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարներ, որոնցից ձեռնարկության անունից իրականացվում է այդ ապրանքների կամ արտադրանքի կանոնավոր վաճառք, ապա այդ ձեռնարկությունը դիտարկվում է որպես այդ Պետությունում մշտական ներկայացուցչություն ունեցող` ցանկացած գործունեության առումով, որն այդ անձն իրականացնում է ձեռնարկության համար, բացառությամբ, եթե այդ անձի գործունեությունը սահմանափակվում է սույն հոդվածի 4-րդ կետում նշված տեսակներով, որը, եթե անգամ իրականացվում է գործունեության մշտական վայրի միջոցով, գործունեության այդ մշտական վայրը չի վերածում մշտական ներկայացուցչության` համաձայն այդ կետի դրույթների:

6. Ձեռնարկությունը Պայմանավորվող պետությունում չի դիտարկվում որպես մշտական ներկայացուցչություն ունեցող, եթե միայն այն ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում միջնորդի (բրոքերի), կոմիսիոների կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով` պայմանով, որ այդ անձինք գործում են իրենց ձեռնարկատիրական գործունեության սովորական շրջանակներում:

7. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերակցությունը հսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերակցությանը կամ հսկվում է դրա կողմից կամ այդ մյուս Պայմանավորվող պետությունում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, ինքնըստինքյան այդ ընկերակցություններից մեկին չի վերածում մյուսի մշտական ներկայացուցչության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։