Հոդված 10. ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ
Հոդված 10. ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ
1. Շահաբաժինները, որոնք Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերակցությունը վճարում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, ում ռեզիդենտն է համարվում շահաբաժիններ վճարող ընկերակցությունը, այդ Պետության օրենսդրությանը համապատասխան. բայց եթե ստացողը շահաբաժինների փաստացի իրավունք ունի, ապա գանձվող հարկը չպետք է գերազանցի`
ա) շահաբաժինների ընդհանուր գումարի 5%-ը, եթե ընկերակցությունը շահաբաժինների փաստացի իրավունք ունի, և այդ ընկերակցությունը տնօրինում է շահաբաժիններ վճարող ընկերակցության կանոնադիր ֆոնդի առնվազն 25%-ը,
բ) շահաբաժինների ընդհանուր գումարի 15%-ը` մնացած դեպքերում:
Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները այս սահմանափակումների կիրառման եղանակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ:
3. «Շահաբաժիններ» տերմինը սույն Համաձայնագրում օգտագործվելիս նշանակում է` եկամուտ բաժնետոմսերից կամ այլ` շահույթին մասնակցության իրավունք տվող, պարտապահանջ չհանդիսացող, իրավունքներից, ինչպես նաև այլ կորպորատիվ իրավունքներից, որոնք ենթակա են նույնպիսի հարկման, ինչպես բաժնետոմսերից եկամուտը, այն Պետության հարկային օրենսդրության համաձայն, որի ռեզիդենտն է հանդիսանում շահույթի բաշխումն իրականացնող ընկերակցությունը:
4. Սույն հոդվածի առաջին և երկրորդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի իրավունքներ ունեցող անձը, լինելով մի Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, ում ռեզիդենտն է շահաբաժիններ վճարող ընկերակցությունը, այնտեղ գտնվող մշտական ներկայացուցչության միջոցով կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում այնտեղ գտնվող մշտական բազայից, և մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, իրոք վերաբերում է նման մշտական ներկայացուցչությանը կամ նման մշտական բազային: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ կամ 14-րդ հոդվածների դրույթները:
5. Այն դեպքում, երբ մի Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերակցությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունից, այդ մյուս Պետությունը կարող է այդ ընկերակցության վճարած շահաբաժիններից չգանձել որևէ հարկ, բացառությամբ եթե այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ եթե մասնակցությունը, որի կապակցությամբ վճարվում են շահաբաժինները, իրոք վերաբերում է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական ներկայացուցչությանը կամ մշտական բազային, և չբաշխված շահույթից հարկեր չեն գանձվում, եթե անգամ շահաբաժինները վճարվում են, կամ չբաշխված շահույթը լիովին կամ մասամբ կազմված է այդ մյուս Պետությունում կազմավորվող շահույթից կամ եկամուտից: