Հոդված 11. Նոտարական գործողության և փաստաթղթերի վավերացում
Հոդված 11. Նոտարական գործողության և փաստաթղթերի վավերացում
1. Համաձայն ներկայացվող պետության օրենքների` հյուպատոսական պաշտոնատար անձն իրավունք ունի`
1) ցանկացած անձի խնդրանքով, անկախ նրա քաղաքացիությունից, տրամադրել տարբեր փաստաթղթեր ներկայացվող պետությունում օգտագործելու համար, եթե նման փաստաթղթերի տրամադրումը չի հակասում ընդունող պետության օրենքներին և կանոններին,
2) ներկայացվող պետության քաղաքացիների խնդրանքով` նրանց տրամադրել տարբեր փաստաթղթեր ընդունող պետությունում կամ նրա տարածքից դուրս օգտագործելու համար, եթե նման փաստաթղթերի տրամադրումը չի հակասում ընդունող պետության օրենքներին ու կանոններին,
3) փաստաթղթերը թարգմանել ներկայացվող կամ ընդունող պետությունների պաշտոնական լեզուներով և հաստատել այդ թարգմանությունների իսկությունը,
4) վավերացնել ներկայացվող պետության կամ ընդունող պետության իրավասու իշխանությունների կողմից տրված փաստաթղթերը,
5) կազմել, հաստատել և ի պահ վերցնել ներկայացվող պետության քաղաքացիների կտակները,
6) կազմել և վավերացնել ներկայացվող պետության քաղաքացիների միջև կատարված գործարքները և ակտերը` այնքանով, որքանով այդ ակտերը և գործարքները չեն հակասում ներկայացվող պետության օրենսդրությանը և չեն վերաբերում անշարժ գույքի տիրապետման կամ փոխանցման իրավունքին,
7) կազմել և վավերացնել ներկայացվող պետության և այլ պետությունների քաղաքացիների միջև կատարված ակտերն ու գործարքները` այնքանով, որքանով այդ ակտերը և գործարքները բացառապես վերաբերում են ներկայացվող պետությունում ունեցվածքին ու իրավունքներին, ինչպես նաև գործերին, որոնք ենթակա են քննման այդ պետությունում, եթե այդ ակտերը և գործարքները չեն հակասում ընդունող պետության օրենսդրությանը,
8) տարբեր փաստաթղթերի վրա հավաստել ներկայացվող պետության քաղաքացիների ստորագրությունները,
9) ի պահ ընդունել ներկայացվող պետության քաղաքացիների ունեցվածքը և փաստաթղթերը` այնքանով, որքանով դա չի հակասում ընդունող պետության օրենսդրությանը:
2. Համաձայն սույն հոդվածի առաջին կետի` հյուպատոսական պաշտոնատար անձի կողմից կազմված, վավերացված կամ թարգմանված փաստաթղթերն ընդունող պետությունում կդիտվեն որպես համանման իրավական նշանակություն և ապացուցողական ուժ ունեցող փաստաթղթեր, ինչպես եթե դրանք լինեին ընդունող պետության իրավասու իշխանությունների և հիմնարկների կողմից կազմված, վավերացված կամ թարգմանված փաստաթղթեր` պայմանով, որ դրանք համապատասխանեն ընդունող պետության օրենսդրությանը:
Այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է ընդունող պետության օրենսդրությամբ, այդ փաստաթղթերը պետք է վավերացվեն: