Հոդված 15. Ժառանգական գույքի պահպանման միջոցները
Հոդված 15. Ժառանգական գույքի պահպանման միջոցները
1. Տեղեկություն լինելու դեպքում ընդունող պետության իրավասու իշխանությունները հնարավորինս կարճ ժամկետներում հյուպատոսական հիմնարկին ծանուցում են ընդունող պետությունում ներկայացվող պետության քաղաքացիների մահվան բոլոր դեպքերի մասին և տրամադրում են մահվան մասին տեղեկանք կամ մահվան փաստը հաստատող այլ փաստաթղթի պատճենը:
2. Այն դեպքում, եթե ներկայացվող պետության մահացած քաղաքացին ընդունող պետությունում ժառանգություն է թողել, ապա ընդունող պետության իրավասու իշխանությունները հնարավորինս կարճ ժամկետում հյուպատոսական հիմնարկին տեղեկացնում են ժառանգական գույքի, ժառանգորդների, կտակառուների կազմի, ինչպես նաև կտակի առկայության մասին:
3. Հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է խնդրել ընդունող պետության իրավասու իշխանությունների թույլտվությունը` նրանց կողմից սույն հոդվածի երկրորդ կետում նշված ժառանգական գույքի վերգրության և կնքելու ժամանակ ներկա գտնվելու համար:
4. Եթե ներկայացվող պետության որևէ քաղաքացի ընդունող պետությունում մահացած քաղաքացուց ժառանգության կամ գույքի ստացման իրավունք է ձեռք բերել, ապա նույնիսկ եթե ներկայացվող պետության քաղաքացին գտնվում է ընդունող պետության սահմաններից դուրս, ընդունող պետության իրավասու իշխանությունները, տեղեկատվության առկայության դեպքում, պետք է հյուպատոսական հիմնարկին ծանուցեն այն մասին, որ ներկայացվող պետության տվյալ քաղաքացին հանդիսանում է ժառանգորդ կամ կտակառու:
5. Հյուպատոսական պաշտոնատար անձը ներկայացվող պետության քաղաքացու անունից, եթե այդ քաղաքացին չի գտնվում ընդունող պետության տարածքում, կարող է դատարաններից, այլ իրավասու իշխանություններից կամ առանձին անձից ընդունել դրամ կամ այլ ունեցվածք, որոնք այդ քաղաքացուն հասնում են որևէ անձի մահվան պատճառով, ներառյալ ժառանգությունը, փոխհատուցումների վճարումն ու ապահովագրմամբ հասնող գումարները, և այդ գումարն ու ունեցվածքը հանձնել տվյալ քաղաքացուն:
6. Ներկայացվող պետության` ընդունող պետությունում ժամանակավոր գտնվող քաղաքացու մահվան դեպքում, ինչպես նաև, եթե մահացածն ընդունող պետությունում չունի բարեկամներ կամ ներկայացուցիչներ և, միևնույն ժամանակ, նրա կողմից թողնված իրերը կապված չեն որևէ պարտականությունների հետ, որոնք ընդունող պետությունում գտնվելու ժամանակ իր վրա էր վերցրել մահացածը, հյուպատոսական պաշտոնատար անձն իրավունք ունի ստանալ, պահպանել և, ըստ նշանակման, փոխանցել թողնված իրերը: