Հոդված 224. Բազմաբնակարան շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր գույքը
Հոդված 224. Բազմաբնակարան շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր գույքը
1. Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:
2. Բնակարանի և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերն իրավունք չունի առանձին օտարել բնակելի տան ընդհանուր գույքի նկատմամբ սեփականության իրավունքում իր բաժինը, ինչպես նաև կատարել բնակարանի և (կամ) ոչ բնակելի տարածքների նկատմամբ սեփականության իրավունքից առանձին այդ բաժինն ուրիշի հանձնելուն հանգեցնող այլ գործողություններ:
3. Բազմաբնակարան շենքերի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի վրա չեն տարածվում սույն օրենսգրքի 195-րդ հոդվածի և 197-րդ հոդվածի 2-6-րդ կետերում նախատեսված կանոնները:
(Վերնագիրը խմբ. 07.05.02 ՀՕ-336)
(224-րդ հոդվածը խմբ., լրաց. 07.05.02 ՀՕ-336)