Հոդված 102
Հոդված 102.
Որակավորման գրավոր քննության և հարցազրույցի թափանցիկությունը
1. Դատական դեպարտամենտն ապահովում է գրավոր քննության և հարցազրույցի ողջ ընթացքի ուղիղ հեռարձակումը քննասենյակից դուրս գտնվող տարածքում:
2. Գրավոր քննության և հարցազրույցի ողջ ընթացքը, բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկման, տեսաձայնագրում է Դատական դեպարտամենտը: Այլ անձինք, այդ թվում՝ պետական մարմինների, պաշտոնատար անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են հետևել գրավոր քննության և հարցազրույցի ողջ ընթացքին՝ առանց տեսաձայնագրելու հնարավորության:
3. Որակավորման ստուգմանը մասնակցած անձն իրավունք ունի ստանալու գրավոր քննության ողջ ընթացքի, հարցազրույցի՝ իրեն վերաբերող մասի տեսաձայնագրության կրկնօրինակը, ինչպես նաև որակավորման գրավոր քննության արդյունքով ստուգված իր աշխատանքի պատճենը:
4. Որակավորման գրավոր քննությանը և հարցազրույցին, բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկմանը, կարող են ներկա լինել և դրանց ընթացքին հետևել արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի (այսուհետ՝ Լիազոր մարմին) մեկ ներկայացուցիչ, փաստաբանների պալատի ներկայացուցիչ երկու փաստաբան և որակավորման գրավոր քննության անցկացումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ Բարձրագույն դատական խորհուրդ համապատասխան հայտ ներկայացրած` իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող ոչ առևտրային կազմակերպությունների մինչև երեք ներկայացուցիչ՝ ըստ դիմումների ներկայացման ժամանակագրական առաջնահերթության, յուրաքանչյուր ոչ առևտրային կազմակերպությունից՝ մեկ ներկայացուցիչ: Դատական դեպարտամենտը նշված անձանց ապահովում է գրավոր քննության և հարցազրույցի ընթացքին հետևելու համար անհրաժեշտ պայմաններով՝ այնպես, որ չխաթարվի դրանց բնականոն ընթացքը:
(102-րդ հոդվածը փոփ. 04.03.26 ՀՕ-72-Ն)
(04.03.26 ՀՕ-72-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)